Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքը համակարգող Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի համայն հայության կարգախոս է ընտրվել՝ «Հիշում եմ և պահանջում», իսկ խորհրդանիշը կլինի անմոռուկ ծաղիկը:
Վ. Սարգսյանը նշել է, որ այս կարգախոսն արտաբերելով, յուրաքանչյուր հայ կվերհիշի իր ընտանիքի պատմությունը, վերապրած ողբերգությունը, և այն պահանջը, որը տեսնում ենք այս համատեքստում և դա ներկայացնենք աշխարհին:
Վ. Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ երկու փուլով մրցույթ է անցկացվել և ընտրվել է նաև 2015 թվականի խորհրդանիշը:
«Աշխատանքային խմբի դատին էին ներկայացվել տանսյակ աշխատանքներ, որոնցից հանձնախումբը որոշել և հաստատել է «Անմոռուկ» ծաղիկը: Ծաղկի մեջտեղում գրաֆիկական ձևով պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի 12 մույթերի տեսարանը»,-ասել է Վիգեն Սարգսյանը:
Ընտրված գույները ցեղասպանության ողբերգության և ներկայի ու ապագային խորհուրդն ունեն: Ծաղկի հինգ թերթիկները խորհրդանշում են այն հինգ մայրցամաքները, որտեղ որ հայ գաղթականները պատսպարվեցին՝ ստեղծելով հայկական համայնքներ ու գաղութներ:
Ցեղասպանության խորհրդանիշը կարող եք տեսնել տեսանյութում: