Գորիսի քաղաքապետի թեկնածուների վրա ճնշումներ չեն գործադրվել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
«Ճնշումներ չեն կարող լինել, եթե ուշադիր եք եղել ինքնաբացարկ հայտարարած թեկնածու Տիգրան Կարապետյանն ասել է, որ հանում է իր թեկնածությունը հանուն Գորիսի, որպեսզի հասարակության մեջ ավելորդ պառակտումներ չառաջանան»,- նշեց նա՝ հավելելով, որ Կարապետյանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար է գտել արդյունավետ լուծում գտնել և ինքնաբացարկ է հայտարարել:
Այն դիտարկմանը, թե այդքան էլ արդյունավետ չի եղել, քանի որ քաղաքում ծեծկռտուք և դանակահարություն է եղել, Վահե Հակոբյանը պատասխանեց, որ գնահատական է տրվում մի բանի, որը դեռ հայտնի չէ՝ կապ ունի՞ ընտրությունների հետ, թե ոչ:
«Տեղի է ունեցել ծեծկռտուք, որին կտրվի համապատասխան իրավական գնահատական, քանի որ այդ դեպքը գտնվում է իրավական դաշտում: Որևէ ինֆորմացիա չկա այն մասին, որ այդ դեպքն ընտրությունների հետ կապ ունի»,- ասաց նա:
Մարզպետը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Սյունիքում իրավական գնահատականներ չեն տրվում: Հակոբյանը վստահեցրեց, որ որպես մարզպետ՝ իր լիազորությունների շրջանակներում ապահովում է Սյունիքի մարզի բնակչության անվտանգությունը: