ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ռեկտորների խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են բուհական մասնագիտությունների ցանկին, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով բուհերում իրականացվող ծրագրերին, Հայաստանի Բոլոնիայի քարտուղարության ստանձնման հետ կապված միջոցառումներին, բուհերի միջազգայնացմանը և աշխատանքային մի շարք այլ խնդիրների:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը ներկայացված է կառավարության քննարկմանը և հաստատմանը, ուստի բուհերը առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում պետք է կազմեն և ներկայացնեն մասնագիտությունների ցանկին համապատասխան իրենց կրթական ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ:
Նախարարը, դիմելով ռեկտորներին, շեշտել է, որ 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որով հստակ սահմանվում են ուսման վարձի զեղչերից օգտվող ուսանողների խմբերը: Հետևաբար բուհերը պարտավոր են իրենց բյուջեները պլանավորելիս նկատի ունենալ նաև այս խնդիրը և պատրաստ լինել օրենքի կիրարկմանը. «Ընդհանրապես ուսանողական զեղչերի համակարգը լուրջ ուղղություն ստացող ծրագիր է պետություն համար, և այստեղ երկու կարևոր բաղադրիչ կա. առաջին՝ բուհերը պետք է անպայման ընտանեկան նպաստի «Փարոս» համակարգում ներգրավված ընտանիքների ուսանողների հաշվառումը ճշգրիտ կարողանան իրականացնել, քանի որ այս խմբի ուսանողների դեպքում պետության կողմից վարձավճարների 50-100 տոկոս փոխհատուցում է նախատեսվում:
Երկրորդն արդեն բուհական բյուջեների միջոցներով արվող զեղչերն են: Հարգելի՛ ռեկտորներ, ես Ձեզ հորդորում եմ, 2015 թվականի բյուջեի պլանավորման հիմքում անպայման դրեք օրենքով սահմանված ուսանողական զեղչերի պահանջը” ,- իր խոսքում շեշտել է Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ բուհերը պետք է ուսանողական զեղչերի մասին ստույգ վիճակագրություն ներկայացնեն: Հաջորդ խնդիրը, որը կարևորել է նախարարը՝ բուհերի միջազգայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընդլայնման անհրաժեշտությունն է: Ա. Աշոտյանի գնահատմամբ միջազգային ծրագրերում ընդգրկվելու և կապերն ընդլայնելու ուղղությամբ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից իրականացվող քայլերը բավարար չեն. «Մեր բուհերը չեն կարողանում արդյունավետ օգտագործել միջազգային հարթակները գործընկերներ փնտրելու, գտնելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել բուհական միջազգային կապերով զբաղվող ստորաբաժանումների աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, քանի որ Եվրոպական միության կրթական ծրագրերի մեջ մենք կարող ենք ավելացնել մեր մասնակցությունը:
Դա առաջին հերթին անհրաժեշտ է բուհերին, որովհետև միջազգային ծրագրերը նաև ֆինանսավորում են ենթադրում, ենթակառուցվածքների զարգացման հնարավորություն են ընձեռում»,- նշել է Ա. Աշոտյանն ու հավելել, որ «Էրազմուս պլյուս» ծրագիրը, որին մասնակից է նաև Հայաստանը, նոր հնարավորություններ է ընձեռում բարձրագույն ուսումնական հաստատությունների համար: Նախարարի խոսքով՝ անցել են այն ժամանակները, երբ բուհերն իրենց բյուջեների աճի հիմնական հեռանկարը կարող էին պայմանավորել ուսման վարձավճարների բարձրացմամբ:
Ներկայումս արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունները զարգացման նոր մոդելներով պետք է առաջնորդվեն՝ փոխելով կառավարման մշակույթը: “Ներկա պայմաններում բուհերի զարգացման նոր ուղղություններ պետք է լինեն միջազգային ծրագրերը, մասնավոր ոլորտի ներդրումները և գիտելիքի առևտրայնացումը, որոնք կարող են նոր մուտքեր և զարգացում ապահովել: Ուսանողի գրպանի հաշվին բուհերի զարգացումն ապահովելն այսօր արդեն հեռանկարային չէ և մենք սա պետք է հասկանանք:
Մենք չենք կարող թույլ տալ, որ ուսանողների վարձավճարներն անվերջ բարձրացվեն, ուսանողների թվի աճն էլ ժողովրդագրական իրավիճակով պայմանավորված մտահոգիչ է: Միջազգայնացման կարևոր բաղադրիչներից մեկն էլ օտարերկրյա ուսանողների ներգրավումն է Հայաստանի կրթական համակարգում, որի ուղղությամբ թեպետ որոշ քայլեր կատարվել են, սակայն բավարար համարել չի կարելի”,- ասել է նախարար Ա. Աշոտյանը: Օրակարգի մյուս կարևոր հարցը, որին անդրադարձել է նախարարը՝ բուհերի ֆինանսական կարգապահությանն ու կայունությանն է վերաբերել:
Նախարարն հանձնարարել է բուհերի ֆինանսական գործունեությունը և գնումների գործընթացը կազմակերպել ՀՀ օրենսդրությանը և գնումների ընթացակարգերին համապատասխան: Ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են նաև ուսանողների գնահատման համակարգում կատարված փոփոխություններին և Հայաստանի Բոլոնիայի քարտուղարության ստանձնման առնչվող հարցեր: Նիստի ավարտին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խորհրդին է ներկայացրել Երևանի պետական համալսարանի 95-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն