Հայկական կողմը սպասում է Վրաստանի հրավերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնի է, Վերին Լարսի անցակետը մայիսի 17-ին տեղի ունեցած փլուզման հետևանքով փակ է:

Անցակետը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ` բեռներ ու ապրանքներ ներկրող գործարարների համար:

Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, Վրաստանի փրկարարները պետք է Դարյալի կիրճում մաքրեն մոտ 1 միլիոն խորանարդ մետր ցեխ: Այդ պատճառով մոտավորապես 1-1,5 ամիս ռուս-վրացական սահմանին ընկած «Վերին Լարս» անցակետը կլինի փակ:

Հայ գործարարները, սակայն, հույս ունեն, որ մաքրման աշխատանքները կավարտվեն 1,5 ամսից ավելի շուտ:

Ինչպես armlur.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, գործարարների մեծ մասն առայժմ այլ շրջանցիկ երթուղու մասին չի մտածում: Գործարարների մի փոքր մասն է միայն Փոթի-Նովոռոսիյսկ ուղու մասին մտածում, քանի որ այն և՛ ժամանակատար է, և´ ծախսատար:

Թեև Վերին Լարսի անցակետի բացման համար շահագրգռված պետք է լինի առաջին հերթին վրացական կողմը, բայց պակաս մտահոգված չպետք է լինի նաև Հայաստանը:

Այդ առնչությամբ armlur.am-ը Տրանսպորտի և կապի նախարարությունից փորձեց պարզաբանում ստանալ հետևյալ հարցերի առնչությամբ` արդյոք Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը թե՛ տեխնիկապես, թե՛ մարդկային ռեսուրսներ տրամադրելու տեսանկյունից աջակցում է վրացական կողմից անցակետի մաքրման աշխատանքներին:

Ի պատասխան տրանսպորտի և կապի նախարարութունը տեղեկացնում է, որ վրացական կողմը տեխնիկական և մարդկային ռեսուրսներ աջակցելու խնդրանքով տրանսպորտի նախարարություն չի դիմել: Բայց, միաժամանակ, նախարարությանը մտահոգում է ստեղծված իրավիճակը և սերտ կապի մեջ է վրացական կողմի հետ:

Նախարարության տվյալներով` մայիսի 27-ի դրությամբ տրամադրված տեղեկությունների համաձայն` ճանապարհի փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներում ներգրավված է մոտ 40 միավոր, աշխատանքներն ընթանում են նաև գիշերային ժամերին:

Փաստորեն, քանի դեռ վրացական կողմը խնդրանքով չի դիմել հայկական կողմին, ներկրմամբ ու արտահանմամբ զբաղվող ընկերություններն ու անհատ ձեռներեցները ստիպված են սպասել կամ այլ ուղիներ փնտրել` իրենց բեռները Հայաստան հասցնելու համար:

Սոնա Դավթյան




Լրահոս