Հայրենակիցնե′ր, ՀՀ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության 96-րդ տարեդարձի` Հանրապետության տոնի կապակցությամբ:
20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց անկախության հռչակմամբ, որի սկիզբը դարձան 1918թ. մայիսի 28-ի հաղթանակն ու Անկախ Հանրապետության ամրագրումը: Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ, իր միասնությամբ և երկրապահ, մարտնչող զավակների արյան գնով 1915թ. ցեղասպանությունից հետո 1918թ-ին կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու ժողովրդի համար և ազդարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին:
Ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որին հաջորդեց Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը և պետականության այդ հենքի վրա կայացավ մեր Երրորդ Հանրապետությունը` այսօրվա Հայաստանը, որն արդեն թևակոխել է երրորդ տասնամյակը: 1918թ. մայիսյան դասերը գալիս են Ավարայրից, անցնում Հայոց պատմության քառուղիներով և հասնում Արցախյան գոյամարտին: 1918թ. անկախության խորհուրդը 1991թ. սեպտեմբերի 21-ի մեջ է, մեր նորօրյա հաղթանակների ու նվաճումների մեջ է:
Եղեռնից հետո Սարդարապատ երկնած ժողովուրդն անպայման պիտի պատմական ներդրում ունենար Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի մեջ, ձգտեր անկախության և իր պատմական տարածքների ազատագրումն ունենար, ունենար պետության ու եկեղեցու կողմից ճանաչված Երկրապահի օր, Երկրապահ կամավորականին պետականորեն ճանաչեր որպես արժեհամակարգ, ունենար Շուշիի ազատագրում և ազատ, անկախ Արցախ:
Հայ ժողովուրդը մշտապես մարտնչել է` որպես զենք ու դրոշ ունենալով հավատը: Հայոց հոգեւոր հայրերը, Ավարայրից սկսած, առաջնորդել են հայ ժողովրդին ե՛ւ խաղաղության մեջ, ե՛ւ պատերազմի դաշտում: Սարդարապատի հերոսամարտն սկսվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի վճռական պահվածքով, երբ նա հայտարարեց, որ սուր կվերցնի եւ կզոհվի Մայր տաճարի գավթում, բայց չի լքի մայր աթոռը:
Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շարունակում է հայոց վեհափառների գործը` տեր կանգնելով հայոց պատմությանն ու հայ կամավորականության, հայոց բանակի ու երկրապահի նվաճումներին: Հայրենակիցնե՛ր Եկեք տոնական տրամադրությամբ շարունակենք մեր պայքարը, աշխատենք օրըստօրե հաղթահարել մեր առջև ծառացած խնդիրն ու հզորացնենք մեր հայրենիքը: Ամուր պետականությամբ, միասնականորեն նախապատրաստվելով Մեծ եղեռնի 100-ամյակին` աշխարհին լսելի դարձնենք պահանջատիրական մեր ձայնը: Փառք տալով մեր հերոսածին մայրերին` գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ: Շարժվենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի «Միասնությունը սարեր շուռ կտա» կարգախոսով:
Երդվենք արժանավայել պահել ու սերունդներին փոխանցել մեր պատմության փայլուն էջերի խորհուրդները: Միասնությամբ տեր կանգնենք մեր ժողովրդի պատմությանն ու նվաճումներին, ապրենք եղածը պահպանելու և եկող սերունդներին` երիտասարդ ու պատանի երկրապահ կամավորականներին փոխանցելու վճռականությամբ: Շնորհավորում եմ համայն հայությանը: Շնորհավորում եմ Անկախության ու Սարդարապատի խորհուրդն ընկալող յուրաքանչյուր հային և մաղթում միասնություն, քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունքն են:
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՏ` Մ.Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ