Նախորդ տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների և սպանության դեպքով հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան, սակայն դատական քննության օրը դեռևս հայտնի չէ:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Իսկ Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք չեն հանձնվելու և պայքարելու են մինչև վերջ` հանուն ճշմարտության:
Մեղադրյալ Արտակ Բուդաղյանի` համաներումից հրաժարվելը հայրը ճիշտ մոտեցում է համարում, քանի որ այս կերպ միայն հնարավոր կլիներ գործը դատարան ուղարկել և դեպքի հետ կապված իրական և ճշմարիտ մանրամասներ բացահայտել:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 1-ին Գորիսում միջադեպ է տեղի ունեցել Խաչատրյանների և Գորիսի բնակիչներ Արտակ և Ավետիք Բուդաղյանների միջև:
Այս ընթացքում փոխադարձ կրակոցներ են եղել, ինչի հետևանքով Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի կրակոցից Ավետիք Բուդաղյանը մահացել է: Դեպքի ժամանակ վիրավորվել են նաև Արտակ Բուդաղյանն ու Խաչատրյանների թիկնապահը: Դեպքի առիթով հարուցված քրեկան գործի շրջանակներում Խաչատրյանի որդուն և թիկնապահին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։
ԼՂՀ Պաշտպանության բանակի գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել), իսկ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` վերջինիս մահվան պարճառով:
Գործի շրջանակներում Խաչատրյանի թիկնապահ Զ.Նիկողոսյանի և որդու` Տ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Սակայն երկու ամիս անց վերջիններս ազատ են արձակվել, քանի որ ՊՆ քննչական ծառայությունը հիմնավորված է համարել, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին:
Այսպիսով` այս պահին գործով միակ մեղադրյալը Արտակ Բուդաղյանն է:
Տաթև Հարությունյան