Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, թե ով է գլխավորելու ՀՀԿ համամասնական ցուցակը: Իրենք` հանրապետականները, բնականաբար, միահամուռ կերպով պնդում են, որ ՀՀԿ ցուցակը կգլխավորի հենց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ հանրապետականների` դա միանգամայն տրամաբանական է, եւ այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Մյուս կողմից, որոշ վերլուծաբաններ էլ կարծում են, որ գլխավորելով ՀՀԿ ցուցակը` Սերժ Սարգսյանն այդպիսով իրեն զրկում է գոնե ֆորմալ առումով անաչառ դատավոր լինելու հնարավորությունից: Ինքը` Սերժ Սարգսյանն, առայժմ լռում է:
Ընդհանրապես, Ս. Սարգսյանը սովորություն ունի` Հանրապետական կուսակցության հետ կապված իր քայլերը հնարավորինս ձգձգել եւ կայացրած որոշման մասին հայտարարել ամենավերջին պահին: Եթե հիշում եք, 2005թ. տարեվերջին դեռեւս անկուսակցական Սարգսյանը խոստացավ իր կուսակցական կողմնորոշման մասին հայտնել Ծննդյան տոներից հետո: Սակայն երբ այդ տոներն անցան, նա կես-կատակ, կես-լուրջ հայտարարեց, թե «Ծննդյան տոներից հետո»-ն մինչեւ հաջորդ Ծննդյան տոներն ընկած ժամանակահատվածն է: Ի վերջո, իր հանրապետականացման մասին պարոն Սարգսյանը հայտարարեց միայն 6 ամիս անց` ՀՀԿ-ականներին ստիպելով մի լավ «նյարդանալ»: Ճիշտ նույն նյարդային վիճակը նկատելի է նաեւ ՀՀԿ-ականների այսօրվա պահվածքում, երբ ցուցակի առաջին համարի վերաբերյալ հարցերից նրանք ակնհայտորեն նեղսրտում են: Ընդ որում, դատելով Ս.Սարգսյանի` վերջին տարիներին վարած քաղաքականությունից, հանրապետականները նեղսրտելու տեղ ունեն: Բանն այն է, որ ՀՀԿ վերնախավում բոլորից լավ գիտեն, որ Սերժ Սարգսյանը հանրապետականացել է ամենեւին էլ ոչ գաղափարական մղումներով: Պարզապես երկար ծանրութեթեւ անելուց եւ հաշվարկելուց հետո որոշել է, որ այդ կուսակցությունն իր համար ամենահարմար թռիչքուղին կլինի նախագահական աթոռին հասնելու համար: Հետեւաբար, եթե հիմա էլ հաշվարկի ու որոշի, որ այս անգամ միայն ՀՀԿ-ն չի կարող բավականաչափ ամուր թռիչքուղի լինել, կարող է եւ հայացքն ուղղել այլ հեռուներ: Անշուշտ, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ից չի հրաժարվի, պարզապես կփորձի իր քաղաքական թռիչքուղին էլ ավելի ամրացնել` ներգրավելով այլ քաղաքական ուժերի առաջնորդների: Եւ այդ ամենը` գալիք ԱԺ-ում ՀՀԿ-ի ակնկալած տեղերի հաշվին: Ու եթե Սերժ Սարգսյանը նաեւ որոշի չգլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը` դա հիմնավորելով վերը նշված պատճառաբանությամբ, կնշանակի, որ արդեն այս պահից սկսած` նա մտածում է ոչ թե խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության, այլեւ նախագահական ընտրություններում իր անձնական հաղթանակի մասին: Իսկ դրան հասնելու ճանապարհին ամենավերջին բանը, որ կարող է հուզել Սերժ Սարգսյանին, դա հանրապետականների կուսակցական ամբիցիաներն են:
ԼՌՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ