Արմավիրի մարզն ու Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան երկրամասը կհամագործակցեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամասի պատվիրակությանը՝ երկրամասի գործադիր մարմնի ղեկավար, հեթման Միրոսլավ Նովակի գլխավորությամբ: Մորավսկի-Սիլեզյան երկրամասը համագործակցում է Հայաստանի Արմավիրի մարզի հետ, և պատվիրակությունը ժամանել է՝ հայ գործընկերների հետ փոխգործակցության ուղղությունները քննարկելու, համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:

Փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ նշել է, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Չեխիայի հետ միջտարածաշրջանային հարաբերությունների խորացումն ու զարգացումը, և նման մակարդակով բազմակողմ համագործակցություն ծավալելու համար առկա են բոլոր նախադրյալները: «Կառավարությունը խրախուսում է բարեկամ երկրների հետ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը, և մենք պատրաստ ենք աջակցել համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,-նշեց փոխվարչապետը: Ա. Գևորգյանը հեռանկարային է համարել մասնավորապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում փոխգործակցությունը:

Միրոսլավ Նովակը նշել է, որ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև գործարարներ, ովքեր այցի ընթացքում կծանոթանան հայկական շուկային, կնախանշեն հետագա գործակցության ուղղությունները: Չեխ գործարարների համար հետաքրքիր կարող են լինել գյուղատնտեսության, Հայաստանից գյուղմթերքի արտահանման, Չեխիայից գյուղտեխնիկայի ներկրման ուղղությունները, ուսումնասիրվում են նաև այլ ոլորտներում գործակցության հնարավորությունները:

Կողմերը կարևոր են համարել գործարար շփումների ակտիվացումը: Նշվել է, որ երկու երկրների միջև ուղիղ օդային կապի առկայությունը ևս բարենպաստ պայմաններ է ստեղծում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:




Լրահոս