2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո Միավորված աշխատանքային կուսակցությունը` ի դեմս նախագահ Գուրգեն Արսենյանի, հայտարարեց. «Մենք ապրում ենք մեր բնականոն կյանքով եւ կակտիվանանք այն ժամանակ, երբ կլինի անելիք»: «Հիմա եկե՞լ է անելիքների ժամանակը»,-«Ժողովուրդ»-ի այս հարցին Արսենյանը պատասխանեց.
-Նախընտրական փուլը սկսվել է, Միավորված աշխատաքային կուսակցությունն արդեն նախապատրաստվում է Ազգային Ժողովի ընտրություններին: Կուսակցության կազմակերպչական միավորներն անցել են աշխատանքային այլ ռեժիմի:
-Այսօրվա քաղաքական իրավիճակում ՄԱԿ-ն ի՞նչ ակնկալիք ունի:
-Ասեմ, որ մենք արդեն չենք ընդունում քաղաքական աջաբսանդալի ձեւակերպումը: Մենք գտնում եք, որ այս խորհրդարանական ընտրությունները պետք է իրականացվեն` գաղափարական պլատֆորմների տեսանկյունից ելնելով: Այսինքն` սոցիալիստական ուժերը պետք է սոցիալիստական ճամբարում լինեն, պահպանողական ուժերը` պահպանողական ճամբարում, ազատական ուժերը` ազատական եւ այլն, որպեսզի հասարակությունը կարողանա ոչ թե առաջնորդամոլությամբ կատարի իր ընտրությունը, այլ` քաղաքական աշխարհայացքի տեսանկյունից:
-Բայց հայտնի է, որ Հայաստանում քաղաքական աշխարհայացքի ընտրություն չի կատարվում, քանի որ ընտրությունների ժամանակ գերակայում է փողը: Ով շատ ընտրակաշառք բաժանեց, նա է հաղթելու առավել հնարավորություններ ունենում:
-Կարծում եմ, որ նմանատիպ մոտեցումն ընդամենը հայ ընտրողի վերաբերյալ թյուր պատկերացում է, որովհետեւ եթե մենք դատենք այդ տեսանկյունից, ապա պետք է փաստենք, որ եթե մեր թշնամի երկրներից Հայաստանում քաղաքական ակցիա անեն, ստեղծեն մի կազմակերպություն, որի հետեւը կանգնած լինի մեր թշնամին, որի ֆինանսական հնարավորությունները հարյուրապատիկ կարող են գերազանցել Հայաստանի հնարավորությունները, ի՞նչ, Հայաստանում կձեւավորվի խամաճիկների իշխանությո՞ւն: Կարծում եմ, որ մեզ մոտ ժամանակն է երկրի քաղաքական մանկության ավարտից հետո՝ երկրի կայացման այս փուլում, անցնել մի քիչ ավելի բարձր ընտրական պահանջների: Մեր պետությունն արդեն պատանի է, իսկ պատանու առջեւ շատ ավելի լուրջ պահանջներ են դրվում: Մեր երկրում քաղաքական աշխարհայացքների բախման ժամանակն է:
-Արդեն հայտնի է, որ ՄԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համատեղ դաշինքով: Իսկապե՞ս:
-Իմ կողմից հնչեցրած քաղաքական ֆորմուլայի դրսեւորումներից մեկը կարող է լինի հենց նմանատիպ քաղաքական աշխարհայացք ունեցող կուսակցությունների հետ դաշինքների ձեւավորումը: Ես ձայների կոնսոլիդացման կողմնակից եմ այն բեւեռում, որի հետ արժեքային ընդհանուր համակարգ ունեմ:
-Անցած խորհրդարանական ընտրություններից հետո խոսվում էր, որ Դուք նեղացած եք Սերժ Սարգսյանից, որովհետեւ նա Ձեզ հնարավորություն չտվեց, որ մտնեք խորհրդարան:
-Այդ խոսակցությունները` կապված նեղացվածության հետ, կարող են լինել մարդկանց ենթադրությունները: Ընտրությունների արդյունքներից հետո մեր մասնակի անհաջողության մեղավոր եւ պատասխանատու հռչակեցի ինքս ինձ: Քաղաքական դաշտում չպետք է առաջնորդվել նեղացվածության որակումներով: Ես գիտեմ, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններից հետո ունեցանք որոշակի պրոբլեմ մեր քաղաքական դաշնակցի` Հանրապետական կուսակցության հետ: Ու ես դրանից հետեւություններ եմ արել: Ինչ վերաբերում է անհատական նեղացվածությանը, չկա եւ չի կարող լինել այդպիսի բան, որովհետեւ ես քաղաքականության մեջ չեմ առաջնորդվում անձնական զգացմունքներով: Ես առաջնորդվում եմ մարդկանց գործողություններով` ինչ են արել եւ ինչ են անում: Կարծում եմ, որ լուրջ ասելիք ունեմ նաեւ քարոզարշավի ընթացքում: Ես հասարակության ուշադրությունը հրավիրելու եմ այն երեւույթների վրա, երբ ներկայացվել է մի բան, արվել է այլ բան:
-Հաշվի առնելով Ձեր հակումները դեպի իշխող կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն՝ հնարավո՞ր է` առավել արմատական դիրքերից հանդես գաք:
-Արմատականությունն ու կառուցողականությունը մեկը մեկին չեն բացառում: Իմ պատկերացումներն իմ հայրենիքի վերաբերյալ շատ դրական են, եւ կարծում եմ, որ իմ հայրենիքը կարող է լինել շատ ապահով ու բարեկեցիկ ցանկացած քաղաքացու համար:
-Ո՞վ է խանգարում հայրենիքն այդպիսին դարձնելու հեռանկարին:
-Հայրենիքի ապահով եւ բարեկեցիկ լինելու հեռանկարին մասնակցություն չցուցաբերող պետական գործիչների վերաբերյալ ես իմ տեսակետը կշարադրեմ, որովհետեւ ես ունեմ իմ տեսակետը: Մարդիկ, ովքեր այլ բան են խոսում, բայց այլ բան են անում: Եւ այդ իմ շարադրած մտքերն օգտակար կլինեն իրենց, իրենց երեխաների համար, որովհետեւ սա մեր հայրենիքն է:
-Ի՞նչ ընտրություն եք կանխատեսում այս տարվա մայիսին:
-Ես ցանկանում եմ, որ ԱԺ ընտրություններն առաջին հերթին լինեն ընտրություն, այլ ոչ թե մարտարվեստի մրցակցություն: Հասարակությանը ներկայացվեն իրենց տեսակետները, ծրագրերը, հասարակության անդամներն էլ որոշում կայացնեն, ընտրեն: Կարծում եմ, որ մեր ժողովուրդը եկել է այն մտքին, որ անհրաժեշտության դեպքում որեւէ խումբ, խմբավորում, եթե փորձի հասարակության կարծիքի վրա էական ազդեցություն ունենալ ընտրություններից հետո` գիշերը` հաշվելու ժամանակ, պատրաստ կլինի իր ընտրությունը պաշտպանել ցանկացած միջոցներով: Ցանկացած, որովհետեւ ժամանակն է, որպեսզի մենք մոտենանք այն քաղաքակիրթ հասկացողությանը, որ իշխանությունը ձեւավորվում է ընտրություններով: Այդպես են գալիս իշխանության ու գնում: Հակառակ դեպքում մենք սարսափելի թուլացնում ենք երկրի ձգողականությունն իր քաղաքացիների հանդեպ: Մեր քաղաքացիները կա՛մ փողոց են դուրս գալիս` պայքարելու, կա՛մ հայրենիքից հեռանում են, որոնք աշխատունակ մարդիկ են:
«ՊՐՈԲԼԵՄ ԵՂԱՎ ՄԵՐ ԴԱՇՆԱԿԻՑ ՀՀԿ-Ի ՀԵՏ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ