ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանում ստվերը մոտավորապես 20-30 տոկոս է, և դա մեր երկրի համար շատ է: Վարչապետը նաև հայտարարել էր, որ կա ստվերը հարկային դաշտ բերելու հնարավորություն:
Armlur.am-ը ԲՀԿ-ական պատգամավոր, գործարար Արագած Ախոյանից հետաքրքրվեց` ստվերը որքան է կազմում նրա բիզնես գործունեության մեջ:
Վերջինս նախ ասաց, որ Հայաստանում կա ստվեր, բայց` ոչ 20-30 տոկոսով: «Թե ինչքան է ստվերը, չեմ կարող ասել, քանի որ թվեր չունեմ, բայց չեմ կարծում` այդքան մեծ լինի: Պետք է մեզ մոտ տնտեսություն լինի, որ ստվեր լինի»,- մանրամասնեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է իր` բիզնեսմեն լինելուն, պատգամավորը սկզբում հերքեց բիզնես գործունեությամբ զբաղվելը, բայց երբ իրեն հիշեցրինք իր հարցազրույցներից մեկը, որտեղ նա իրեն համարել էր և´ ռոմանտիկ նկարիչ, և´ ռոմանտիկ բիզնեսմեն, պատգամավորն այպես արձագանքեց. «Բիզնեսով զբաղվելն անբարոյականություն չէ: Եթե կարծում եք, որ դա հակասահմանադրական է, եկեք «աբիզատելնին» անեք, հետո «պակազատելնին»:
Էսօր բիզնեսով զբաղվելը կամ կողքից հետևելը կամ բիզնեսը մեկ ուրիշի կառավարմանը հանձնելը հանցագործություն է համարվում` համեմատած այն արատավոր բարքերի, որ գոյություն ունեն, կամ` դեռևս չկայացած ոլորտների»:
Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը 2001-2002թթ. եղել է «Սպիտակ տնակ» շինարարական ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը, 2003-2004թթ.` «Իտարկո Քոնսթրաքշըն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն, 2004-2010թթ.` «Հայկ Արշին» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, այնուհետև` նախագահ:
Սոնա Դավթյան