Այսօր ֆրանսահայ մուլտիպլիկատոր Շարլ Բերբերյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 28-ին, ֆրանսաբնակ հայ մուլտիպլիկատոր Շարլ Բերբերյանի ծննդյան օրն է:

Բերբերյանը ստեղծագործել է ֆրանսիացի Ֆիլիպ Դյուպյիի  հետ համատեղ և նրա հետ միասին հանդիսանում է ներկայիս ամենաանվանի հեղինակներից մեկն իններորդ արվեստի ժանրում (ֆրանսախոս հասարակության մեջ ընդունված է այդպես անվանել պատկերապատումը՝ կոմիքսների պատկերման արվեստը)։

Շ. Բերբերյանը ռեժիսոր և սցենարիստ Ալեն Բերբերյանի եղբայրն է։

Բերբերյանը ծնվել է 1959-ին Իրաքի Բաղդադ քաղաքում, բայց  իր մանկության շատ տարիներ անցկացրել է Լիբանանում։ Երբ արդեն 18 տարեկան էր, Փարիզում սկսեց ուսումնասիրել գեղեցիկ արվեստները։

Շ. Բերբերյանի առաջին պատկերապատումները հրատարակվեցին «Band’à Part» պարբերականում։ Սեփական ոճի զարգացման վաղ շրջանում Շ. Բերբերյանի ստեղծագործությունները կրում էին Ռալֆ Սթեդմանի (Ralph Steadman) և Թոմի Ունգերերի (Tomi Ungerer) աշխատանքների ազդեցությունը։ [1]

1983թ. նա հանդիպում է Ֆիլիպ Դյուպյիին, որի հետ համագործակցել է մի շարք նախագծերում՝ և՛ որպես սցենարիստ, և՛ որպես արվեստագետ։

Բերբերյանը և Դյուպյին ստեղծագործել են մի շարք նախագծերում, սակայն նրանց հռչակ բերեց «Մեսյո Ժան» (“Monsieur Jean”) պատկերապատումների շարքը, որոնցում նրանք ներկայացրել էին առօրյա կյանքի հումորը։ «Մեսյո Ժան»-ի պրեմիերան կայացավ «Frank Margerin Présente anthologies»-ում 1989թ., որից կարճ ժամանակ անց պատկերապատումների ներկայացումը շարունակվեց «Yéti» պարբերականում։ «Մեսյո Ժան» շարքի պատկերապատումները նրբիմաստ և միաժամանակ հետաքրքիր, կլանիչ կերպով ներկայացնում են ժամանակակից սերունդը։

Բերբերյան-Դյուպյի դուետը 1999թ. Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում կայացած Angoulême Alph-Art միջազգային փառատոնում իր «Մեսյո Ժան 4. երջանիկ կյանք՝ առանց օդի» ստեղծագործական շարքի շնորհիվ դարձավ «Ֆրանսիական լավագույն պատկերապատումներով գիրքը» մրցանակի դափնեկիր։




Լրահոս