Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված «Ես եմ հայրենիքիս զինվորը» տոնահանդեսի լուսանկարները խոսում են այն մասին, որ Հայաստանի իշխող վերնախավն առանձնապես տոնական տրամադրություն չունի: Նրանք այնքան հոգսեր ունեն, որ չեն կարողանում դրանց մասին մոռանալ անգամ տոնական օրերին: Դե իհարկե, առջեւում խորհրդարանական ընտրություններն են, ու դժվար է ասել, թե մի քանի ամիս հետո իշխանական օթյակում այսօր հավաքվածներից քանիսը կմնան իրենց տեղերում: Հետաքրքիր դրսեւորումներ արձանագրվեցին նաեւ երկրորդ եւ երրորդ նախագահների հրապարակային «փոխհարաբերություններում»: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ցուցադրաբար միմյանց մոտ չէին նստել` գերադասելով սրբությունը թողնել մեջտեղում: Նրանց «հեռացնում» էր ՆՍՕՏՏ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը:
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին նաեւ ԼՂՀ ներկա ու նախկին նախագահները: Իսկ թե ինչու ներկա չէր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդպես էլ անհասկանալի մնաց: ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից անպատասխան թողեցին «Ժողովուրդ»-ի հարցումը` հրավիրվել էր արդյոք Տեր-Պետրոսյանը:
Այսօր հայոց բանակի սպայական անձնակազմը «Փարվանա» ռեստորանում ճոխ սեղանների շուրջ դարձյալ կնշի ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձը:
ՄԵՋՏԵՂՈՒՄ ՍՈՒՐԲՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ