ՕԵԿ-ից` ԲՀԿ, ԲՀԿ-ից էլ՝ Գյումրու քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, երբ դեռ նոր էր ընտրվել քաղաքապետ, իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, թե եկել է իր քաղաքը շենացնելու:

Ոչ մեկի համար նորություն չէ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արատավոր անցյալը. նրա օրոք Գյումրին հռչակվել էր կրիմինալ քաղաք: Նոր քաղաքապետը հնի սրտով չէր, և երկուսի միջև պարբերաբար բախումներ էին տեղի ունենում: Մինչ անդրադառնալը նրանց հակասություններին, ներկայացնենք Սամվել Բալասանյանի կենսագրական որոշ տվյալներ:

Բալասանյանը ծնվել է 1954թ. հոկտեմբերի 12-ին Լենինականում (Գյումրի):

1976թ. ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, 1983թ.` Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը: Մասնագիտությամբ մանկավարժ-մաթեմատիկոս է և սննդի տեխնոլոգ:

1976-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1977թ. Լենինականի գարեջրի գործարանում աշխատելով որպես բանվոր, 1978թ.` հրուշակեղենի ֆաբրիկայում՝ տեխնոլոգ:

1992-1999թթ. եղել է գարեջրի գործարանի տնօրեն:

1999-ից էլ սկսվել է նրա քաղաքական գործունեությունը:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 63 ընտրատարածքից: Եղել է Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, ապա` արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Կայունություն», ապա` Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի անդամ:

2003-2007թթ. Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 49 ընտրատարածքից: Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել: Այդ տարիներին զբաղեցրել է նաև «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարի պաշտոնը:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից: Եղել է արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, իսկ 2010թ. հոկտեմբերի 7-ին էլ ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2012-ից:

Բալասանյանի դրամական միջոցները, Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն, բավական համեստ են: Գյումրու քաղաքապետն ունի ընդամենը 5 մլն դրամ և 15 հազար դոլար: Նրա եկամուտի միակ աղբյուրն էլ 2013թ.-ին եղել է միայն աշխատավարձը: Ոչ մի անշարժ կամ շարժական գույք նա չի նշել:

Որպես համեմատություն` նշենք, որ երկու տարի առաջ Բալասանյանը հայտարարագրել էր 2 շենք, 3 շենք և շինություն, հողամաս, մեքենա, իսկ նրա դրամական միջոցներն էլ կազմում էին 8 մլն դրամ և 22 հազար դոլար:

Անդրադառնալով Սամվել Բալասանյան-Վարդան Ղուկասյան հեռակա բանավեճին, հավելենք` այդ ամենը սկսվեց այն բանից հետո, երբ դեռ անցյալ տարի Ղուկասյանը տեղի հեռուստաընկերության եթերում իրեն հայտնի բառապաշարով բազմաթիվ մեղադրանքներ էր հնչեցրել Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալկասանյանի հասցեին և նրա կառավարման վերաբերյալ, միաժամանակ` արդարացրել իր ղեկավարած տարիների վերաբերյալ յուրաքանչյուր դժգոհություն:

Բալասանյանի պատասխանը չուշացավ: Լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ բավական կոշտ ձևով պատասխան տրվեց Ղուկասյանին: Վերջինիս պատասխանը ևս չուշացավ. Բալասանյանին կոչեց մի մարդ, ով թաշկինակի պես փոխում է իր կուսակցությունները և այս ընթացքում Գյումրիի համար ոչինչ չի արել:

Այս հեռահար պատերազմը նոր թափ ստացավ արդեն այս տարվա սկզբին, սակայն` այլ հարթությամբ:

Դեռ հունվարին նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել: Ականատեսների վկայությամբ` խումբը եղել է զինված, և Սպարտակ Ղուկասյանը` Վարդան Ղուկասյանի որդին սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին: Նախկինում ևս նման դեպքեր եղել են, ու թեև դրանք հանրային մեծ հնչեղություն են ստացել, բոլոր դեպքերում Վարդան Ղուկասյանի տղան կարողացել է չոր դուրս գալ` մնալով ազատության մեջ:

Այս ամենից հետո Բալասանյանն էլ հայտարարել էր, որ այլևս չի հանդուրժելու և Ղուկասյաններին պատժելու է իր մեթոդներով։ Եվ պատիժը չուշացավ: Գյումրու քաղաքապետը վերջերս որոշում էր կայացրել փակել թիվ 22 երթուղին, որի գծատերը հենց Ղուկասյանի որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը: Արդեն երկար ժամանակ ընթացող այս բախումներից միայն հասարակ գյումրեցին է տուժում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս