ՄԱՐԳԱՐԻ ՎԿԱՆԵՐԻՆ ՃՆՇԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով վկաների հարցաքննությունը: Պարզվեց, որ ՃՈ 1-ին սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Եղիշե Ենգիբարյանը փոխել էր ցուցմունքը: Այն կրկին վերաբերում էր համապատասխան չափով բենզին ստանալ-չստանալուն եւ բաշխմանը:
Վկան դատարանում ասաց, որ բենզինի հետ կապված խնդիրներ չեն եղել. ամեն ամիս ՃՈ տնտեսական բաժանմունքի նախկին տեխնիկ, ամբաստանյալ Սամվել Մախմուրյանից ստացել է համապատասխան չափի` 350 լիտր բենզին: Դատավորը հետաքրքրվեց, թե ինչու է այդ դեպքում նախաքննության ընթացքում մի բան ասել, թե բենզինի պակաս է եղել, իսկ դատարանում` այլ բան: Վկան պատասխանեց, որ քննիչի ասածով է գրել. «Քննիչին ասել եմ` լսել եմ, ասել ա` դե գրի, որ եղել ա, տենց էլ գրել եմ, բայց իմ վաշտի հետ կապված` բենզինի դեպք չի եղել»: Մեղադրող կողմն, այդուհանդերձ, ներկայացրեց Ենգիբարյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ նշված էր, որ շաբաթվա որոշ օրերին բենզին չեն ստացել, եւ աշխատողները դժգոհել են վառելիքի պակասից: Վկան պնդեց, որ լսել է: Դատավոր Մխիթար Պապոյանը եւ մեղադրողը հետաքրքրվեցին, թե կոնկրետ ումից է լսել: Ենգիբարյանը պատասխանեց` ընդհանուր խոսակցություններից: «Ես ասել եմ` լսել եմ, էդ չեն գրել»,-պարզաբանեց վկան:
Մեղադրող Հարություն Հարությունյանի` վկային ուղղված հաջորդ տրամաբանական հարցը հնչեց` արդյոք ինչ-որ մեկն իրեն խնդրել է, որպեսզի ինքը փոխի իր ցուցմունքը: Վկան բացասական պատասխան տվեց:
Գործով անցնող գլխավոր մեղադրյալ Մարգար Օհանյանի հարցի պատասխանով էլ եզրափակվեց վկայի հարցաքննությունը. դատարանո՞ւմ տված ցուցմունքն է ճիշտ, թե՞ նախաքննականը: «Այսօրվանը ճիշտ է, պարո՛ն Օհանյան»,-նշեց վկան: Հաջորդ վկան  Յուրիկ Հովհաննիսյանն էր: Նա ասաց, որ ստացել է ավելի քիչ լիտր բենզին, սակայն հաշվետվությունների մեջ նշել է ավելի շատ քանակությամբ. 5 հազար լիտր ստացել է, բայց նշել է 15 հազար լիտր: Վկա Սերյոժա Հակոբյանը եւս ստացել է 4,4 տոննա բենզին, բայց հաշվետվություններում գրեթե կրկնակի չափով ներկայացրել` հուսալով, որ նոր անվադողեր ստանալու հարցն էլ կլուծվի:
Հաջորդ վկան Կարո Կարապետյանն էր: Նա էլ մինչ օրս հարցաքննված 8 վկաների նման չշոշափեց Մարգար Օհանյանի անունը: Ասաց, որ գումարտակի պետ Ստեփան Կարախանյանից է ստացել բենզինը եւ նախատեսվածից ավելի քիչ քանակությամբ, սակայն հաշվետվության մեջ նշել է ավելի շատ: Օրինակ` ստացել է 6 հազար լիտր, գրել 14 հազար լիտր` հավատալով, թե հետագայում կլրացվի պակաս տրվածը: Այսքանով ավարտվեց հունվարի 27-ի դատավարությունը: Հաջորդ` փետրվարի 2-ին` ժամը 11:30-ին, կայանալիք նիստին կհարցաքննվեն գործով անցնող մյուս վկաները:
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մյուս ամբաստանյալները` ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը, ՃՈ տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանը, ՃՈ տնտեսական բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանն անցնում են որպես օժանդակողներ:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս