ԱՌԵՎՏՈՒՐԸ ԴԺՎԱՐԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր շատ տոնավաճառներում թե՛ մաքսատան գների թանկացման, թե՛ պայմանների վատթարացման պատճառով առեւտրականները ստիպված փակում են իրենց տարածքները` վերջնականապես չսննկանալու համար:
Գաղտնիք չէ, որ առեւտրի շատ կենտրոններում աշխատում են տարբեր բուհեր ավարտած, նախկինում բարձր պաշտոններ ստանձնած մարդիկ: Բայց եթե նախկինում միայն առեւտրով զբաղվելով` հնարավոր էր տուն, մեքենա գնել, ապրել բարեկեցիկ կյանքով, ապա այսօր պատկերը տխուր է: Շատերն առեւտրի իսպառ բացակայության պատճառով վաճառում են իրենց տները, մեքենաները, բանկում գրավ դնում, ոմանք էլ փակում են իրենց խանութները, մնացած ապրանքը բերում տուն եւ «իրա գներով» վաճառում` գոնե որոշակի գումար ստանալու համար: Եթե նախկինում Մալաթիայի տոնավաճառը համարվում էր էժան ապրանք գնելու միակ վայրը, ապա այսօր այնտեղ ապրանքի գները գրեթե նույնն են, ինչ մնացած տեղերում: Զրուցելով այս տոնավաճառի ապրանքատերերից մեկի հետ` հասկացանք, որ մոտակա ժամանակներում նա պատրաստվում է փակել իր տարածքը, քանի դեռ ամբողջովին չի սննկացել: «Նախկինում առեւտուրն այնքան լավ էր, որ երկու շաբաթը մեկ գնում էի Թուրքիա` ապրանք բերելու, այսօր մաքսատունն այնքան է գները թանկացրել, որ նույնիսկ ապրանք բերել չենք կարողանում: Հիմա էլ խոսակցություններ կան, որ 3 ամիսը մեկ կարող ենք գնալ: Լինում է, որ զանգահարում ենք Թուրքիա եւ այնտեղի ապրանքատերերի հետ պայմանավորվում, ապրանք պատվիրում, նրանք էլ ուղարկում են Հայաստան: Երկու տարածքի համար վճարում եմ մոտավորապես 1000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ, առեւտուրն էլ շատ է վատացել, եւ չեմ կարողանում ապրանքի վաճառքից շահույթ ստանալ»-ասում է 51-ամյա Վարդանը:
Եթե Մալաթիայի տոնավաճառում դեռ քիչ, թե շատ առեւտուր լինում է, ապա «Հրազդան» տոնավաճառ կատարած մի քանի այցելությունների ընթացքում դատարկություն տեսանք: Շատերն ասացին, որ բացի «Հրազդան»-ից, ուրիշ տոնավաճառներում էլ առեւտրի կետեր ունեն, եւ մի կերպ կարողանում են ծայրը ծայրին հասցնել: Աշխատողները կատակում էին միմյանց հետ, զրուցում, որովհետեւ բացի իրենցից, ուրիշ ոչ ոք չկար տոնավաճառում: Աշխատելու պայմանները, մեկ բառով ասած, անմարդկային են, որովհետեւ ներսի խանութների դռները բացելուց հետո աշխատողները դրսում են նստում: Որքան էլ վառելիքով տաքացնեն, դա նույնն է, ինչ փողոցում հունվար ամսվա կեսին վառարան միացնես ու նստես կողքին: Ցրտից պաշտպանվելու ամենահարմար տարբերակը թե՛ կին եւ թե՛ տղամարդ առեւտրականները տեսնում են մի բաժակ օղու մեջ: Բնական է, եթե  աշխատողներն իրենք չեն դիմանում ցրտին, ինչո՞ւ պետք է հաճախորդներն ինչ-որ բան գնելու համար ընտրեն հենց այս տոնավաճառը: Եւ բացի այդ,  «Հրազդան» տոնավաճառի շարքերը գնալով նոսրանում են, քանի որ  խոսակցություններ կան, որ  այն շուտով ընդհանրապես քանդվելու է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանին  խոստացել են  մոտակայքում ավելի մեծ տարածք տալ: Բայց թե նոր տարածքում պայմաններն ինչպիսին կլինեն, դա դեռ ոչ ոք չգիտի:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս