«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է:
Ինչպես Armlur.am-ի հետ զրույցում նշեց Մ. Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը, վերադաս դատարանն ուժի մեջ է թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշումը, որով բավարարվել է հեռախոսային խոսակցությունների, մերձավոր ազգականների, այդ թվում՝ դպրոցական երեխաների հետ, զանգվածային լրատվամիջոցների և այլ անձանց հետ Մ.Մարտիրոսյանի տեսակցությունները սահմանափակելու մասին քննիչի որոշման դեմ Մարտիրոսյանի պաշտպաններ Սեդա Սաֆարյանի ու Վարդան Զուռնաչյանի բողոքը։
Պաշտպանը հայտնեց, որ Մարտիրոսյանին արգվել էր հեռախոսային խոսակցություն ունենալ հարազատների հետ, սահմանափակվել էին նաև տեսակցությունները:
«Հիմա գործի քննությունն ավարտվում է, և սահմանափակումն անիմաստ է: Այսինքն` մարդը իրավունք չի ունենում իր երեխաների, կնոջ հետ խոսի կամ տեսակցություններ ունենա»,- ասաց Զուռնաչյանը, միաժամանակ հայտնելով, որ քրեական գործով միայն Միսակ Մարտիրոսյանի նկատմամբ ` կիրառվել վերոնշյալ սահմանափակումը:
Փաստաբան Վարդան Զուռնաչյանը հայտնեց նաև, որ նախկինում նաև մյուս ամբաստանյալների նկատմամբ է կիրառվել որոշումը, սակայն վերացվել է, իսկ Մարտիրոսյանի նկատմամբ` ոչ:
«Դա ավելի շատ պատժի ենթարկելու ձև էր: Ուրիշ խնդիր չկա: Ուրեմն նա իրավունք չունենա՞ մյուս մեղադրյալների պես իր հարազատների հետ հանդիպի: Ի՞նչն է պատճառը: Ըստ էության ոչ մի պատճառաբանություն չկա: Ասում են` դա արվում է, որպեսզի նա չազդի վկաների վրա կամ մյուս մեղադրյալների ցուցմունքների վրա, այնինչ քրեական գործի քննությունն ավարտվում է, իսկ նա այդ դեպքում չէր կարող մյուսների ցուցմունքների վրա ազդել»,- պարզաբանեց «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավարի պաշտպանը:
Վերջինիս դիտարկմամբ` նույն պատճառաբանմամբ կարելի էր սահմանափակումներ կիրառել նաև մյուս ամբաստանյալների հանդեպ, սակայն անհասկանալի պատճառներով չի գործարկվում:
«Ինձ թվում է` նրանք ինչ որ խնդիրներ էին ցանկանում լուծել այդ ձևով, ինչի մասին Միսակ Մարտիրոսյանն ավելի մանրամասն կխոսի»,- եզրափակեց պաշտպան Զուռնաչյանը:
Հիշեցնենք, որ Մ. Մարտիրոսյանը կալանքի տակ է գտնվում 2013 թվականի նոյեմբեր ամսից և մեղադրվում է` ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով` 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման աղմկահարույց դեպքերի և Միսակ Մարտիրոսյանի կողմից աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու գործերի շրջանակում:
Գործերն ավելի ուշ միավորվել են մեկ վարույթում: