ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992-ին կազմավորված հայոց բանակն այսօր տոնում է իր 20-ամյակը: Ճիշտ է, մենք դեռ շատ երիտասարդ ենք, անելիքներն ու բացթողումներն էլ քիչ չեն, սակայն հուսանք, որ ամեն բան հետագայում կշտկվի, ու մեր տղաներն այլեւս չեն խուսափի ծառայությունից: Բանակի տոնին ընդառաջ` «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շրջանակներում զրուցեց ՎԱՐԴԱՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԻ հետ, որոնք իրենց պարտքը հայրենիքի առաջ արդեն կատարել են:
ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆ
-Ծառայել եմ 2007-2009թթ. Մասիս քաղաքում` ԱԱԾ-ի սահմանապահ զորքերում, բայց ամեն օր` ժամը 8-ին, ավտոբուսով գալիս էինք Երեւան, որովհետեւ մեր շտաբն այստեղ էր: Կարելի է ասել` ծառայությունս անց եմ կացրել Երեւանում` մեր տանը մոտ: Ասում են` ինչքան տանը մոտ ես, այնքան դժվար է անցնում ծառայությունդ, բայց ես համամիտ չեմ, դա նույնիսկ օգնում է: Կարողանում ես ժամանակ առ ժամանակ բացակայել զորամասից: Դե հիմա կարող եմ ասել, արդեն ծառայել, վերջացրել եմ:
-Կարգապա՞հ, թե՞ կարգազանց զինվոր եք եղել:
-Կարգապահ ու սիրված զինվոր եմ եղել զորամասի ղեկավարության կողմից: Ես ինստիտուտն ավարտած եմ մեկնել ծառայության, տարիքս մեծ էր, այդ ժամանակ արդեն նաեւ ճանաչված էի, երեւի այդ ամենը նպաստում էր, որ ինձ լավ էին վերաբերում:
-Ինչպիսի՞ն էր հրամանատարների վերաբերմունքը:
-Հրամանատարն ընտանիքի հայրն է, զինվորներն էլ նրա երեխաներն են, որոնց համար նա պատասխանատվություն է կրում: Տարբեր դաստիարակության ու բնավորության տղաներ են հավաքվում մի տանիքի տակ, հրամանատարը փորձում է հնարավորինս հավասարակշռություն պահել, որ իրար չուտեն:
-Բանակից ընկերներ մնացե՞լ են: Ի՞նչ խենթություններ եք արել:
-Իհարկե, բանակային ընկերներ ունեմ, որոնց հետ նույնիսկ ծառայությունից հետո շարունակում ենք հանդիպել, ընկերություն անել: Իսկ խենթություն… մեր զորամասի կողքով գետ էր հոսում, մենք էլ երբեմն ձուկ էինք բռնում, ի դեպ` հոսանքով: Սոված ու տխուր օրեր էլ ենք ունեցել, երբ կարոտն էր խեղդում: Զինվորական կյանքն այդ ամեն ինչն է: Հիմա նույնիսկ օրեր են լինում, երբ կարոտում եմ ծառայության շրջանը եւ ուզում գոնե մի օրով վերադառնալ, երբ բոլորս մի կազարմայում քնում էինք, գիշերները զրուցում, թե ով ինչ կուզեր հիմա ուտել, կամ առհասարակ, ինչի մասին է երազում, ինչ է անելու ծառայությունից հետո:
-Ինչպե՞ս է ազդում տղայի վրա ծառայությունը, դա պե՞տք է, թե՞ այդ երկու տարիները լրիվ անիմաստ են:
-Ծառայությունը հարկավոր է, բայց ժամկետն է երկար: Լավ կլիներ, եթե դա տեւեր մեկ կամ առավելագույնը 1,5 տարի: Հոգեբանական պահ էլ կա: Եթե ժամանակը կարճ լինի, վստահ եմ` տղաներն ավելի հաճույքով կգնան բանակ:
-Ստացվեց, որ ծառայությունը տղայի համար հոգեբանական սթրե՞ս է:
-Մի այլ կարգի սթրես է: Ինձ թվում է` հենց դա է պատճառը, որ շատերը փորձում են խույս տալ ծառայությունից: Բայց ծառայությունից հետո դու քեզ բոլորովին ուրիշ մարդ ես զգում, կարծես բեռ է ընկած լինում ուսերիցդ, այդ ամեն ինչին ակնածանքով ես վերաբերում:  

ՎԱՐԴԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ
-Ծառայել եմ 2004-2006 թվականին Ղարաբաղում:
-Ի՞նչ տվեցին Ձեզ այդ երկու տարիները:
-Սկսեցի այլ կերպ նայել շատ բաների, ավելի հասուն ձեւով: Ճիշտ է, տնից կտրված ես, ամեն պահի չես կարողանում տան ջերմությունը զգալ, բայց դա առիթ է քեզ նոր կողմից ճանաչելու, մտածելու` ինչ ես անելու ծառայությունից հետո: Պետք չէ փախչել ծառայությունից, դա յուրաքանչյուրիս պարտքն է: Ուղղակի պետք է ճիշտ ժամանակին գնալ ծառայության:
-Այսինքն` 18 տարեկանո՞ւմ:
-Այո՛, իմ դեպքում հենց էդպես էլ եղավ: 18 տարիս լրացավ, մյուս օրը տարան բանակ: Երբ մի քիչ ավելի մեծ ես լինում, այլ կերպ ես ընկալում ամեն ինչ, իսկ երբ 18 ես լինում, խնդիրներն ու քեզ շրջապատող մարդկանց լրիվ ուրիշ ձեւ ես ընդունում:
-Որպես նախկին զինվոր, տղա, ով արդեն ծառայել է, ի՞նչ կասեք մեր զինվորներին:
-Ես նրանց միայն շնորհակալություն կհայտնեմ, որ մեր անդորրը պահում են: Պի՛նդ մնացեք, մի՛ հուսահատվեք, մենք ձեր շնորհիվ ենք հանգիստ ու խաղաղ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս