Այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վերնիսաժի կրակոցներին, նշելով, որ այդ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները պարբերաբար ներկայացվում են:
Գասպարյանը չցանկացավ մեկնաբանել Վերնիսաժի կրակոցների կապակցությամբ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի արած հայտարարությունները և դիտարկումները: Իսկ այն հարցին, թե ինքն ինչպես կվարվեր, եթե լիներ ԲՀԿ-ական պատգամավորի փեսայի փոխարեն, նա նշեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք ինձ նման իրավիճակում, ամեն ինչ հանդարտ, հանգիստ լուծում կստանար»:
Անդրադառնալով արդեն Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ միջադեպին՝ Գասպարյանը նշեց. «Չկան ձերբակալվածներ, չեմ ուզում կանխավ կարծիք հայտնել լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ ծեծի ենթարկելու, դանակահարության, զեկուցում եմ ձեզ՝ իրականությանը չի համապատասխանում: Հենց առաջին պահից, երբ որ իրազեկումը եղել է, ոստիկանությունը իմացել է լրատվամիջոցներից, բոլոր ուղղություններով ճշտված է»,- ասաց Վ. Գասպարյանը: