Կառավարությունն իր վաղվա նիստում «Նիկոլա Ինթերնեյշնլ, Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը մինչև 2014 թվականի դեկտեմբերի 25-ը երկարաձգելու որոշում է կայացնելու:
Որպես որոշման պատճառ նշվում է, որ ընկերությունը 2013 թվականին պայմանագիր է կնքել հունական «Europa Olives» LTD ընկերության հետ և «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ տարածք է ներմուծել 55200 կգ նետտո և 57600 կգ բրուտտո քաշով չվերամշակված ձիթապտուղ: Նշված արտադրանքը պետք է 1 տարվա ընթացքում վերաարտահանվեր:
Ըստ ընկերության պարզաբանման՝ արտադրանքը հնարավոր չի եղել արտահանել սահմանված ժամկետում` վերջին տարիների համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով:
Սակայն այս ձևակերպումը խիստ անհասկանալի է, քանի որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվեց 2008-ից, ինչը նշանակում է, որ ձիթապտուղը 6 տարվա վաղեմություն կարող է ունենալ: Ամեն դեպքում այս սննդատեսակի պիտանելիության ժամկետը հաշվվում է մոտ 6 ամիս, իսկ տվյալ դեպքում երկարաձգվում է հենց այդքան ժամանակով: Այսուհանդերձ, անհասկանալի է, թե ինչու է հունական և եգիպտական ձիթապտուղ ներկրվել Հայաստան, (ըստ ընկերության պաշտոնական կայքի` թարմ ձիթապտուղը ներկրվում է Հունաստանից և Եգիպտոսից), ինչ պայմաններում և որտեղ է այն պահպանվել, և որ ամենակարևորն է, ինչու է այսքան ուշ արտահանվում Վրաստան կամ Ռուսաստան (արտադրանքը հիմնականում այս երկրներ է արտահանվում):
Նշվում է, որ ՀՀ կառավարության որոշումը` 6 ամսով երկարաձգելու մաքսային ռեժիմի ժամկետը, կստեղծի հնարավորություն վերամշակման աշխատանքները ավարտելու և արտադրանքը արտահանելու համար, ինչը հնարավորություն կտա նաև բարելավել գործարար միջավայրը և պահպանել աշխատատեղերը: