Տեղի ունեցավ հրաշքը, որ կոչվում է սխրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «1918 թվականի մայիսի 28-ին ճակատագիրը մեզ պատմական հնարավորություն ընձեռեց վերականգնելու Հայաստանի անկախությունը: Ռուսաստանի հեղափոխական ցնցումները, առաջին աշխարհամարտի իրադարձությունները եւ անպատեհ այլ հանգամանքներ ստեղծել էին մի իրավիճակ, երբ մենք մնացել էինք մենակ բազում մարտահրավերների առջեւ: Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում շարունակվում էր, ռուս-թուրքական ռազմաճակատը վերածվել էր հայ-թուրքական ճակատի:

Ահա այդ պահին եւ այդ պայմաններում տեղի ունեցավ հրաշքը, որ ավելի աշխարհական բառով կոչվում է սխրանք: Այդ սխրանքը գործեցին հայ ռազմիկները, քաղաքական գործիչները, շինականները, հոգեւորականները, մտավորականները, հայության ամբողջ մի սերունդ: Չսպասված, չծրագրված, չնախապատրաստված եւ խորքում՝ ողբերգական մայիսի 28-ը նրանք վերածեցին ազգային զարթոնքի: Այն կոչված էր պատերազմի ու ցեղասպանության, սովի ու համաճարակների, գաղթականության եւ հուսահատության հովիտը՝ Հայաստանը, դարձնելու ազատ, անկախ, բարեշեն եւ ժողովրդավար երկիր:

Այսօր մենք կանգնած ենք Սարդարապատում եւ գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը պաշտպանած եւ հայության վերջին բեկորներին փրկած նահատակների հիշատակի առաջ: Եթե մայիսյան հերոսամարտերում եւ մանավանդ Սարդարապատում հայերը պարտվեին, ապա թուրքական զորքերն անարգել մտնում էին Էջմիածին եւ Երեւան: Եթե այդքանից հետո աշխարհի երեսին մնար հայ պատմաբան, ապա նա առանց մեծ դժվարության կարող էր հիմնավորել, որ հայերի հաղթանակը օբյեկտիվորեն անհնար էր: Բոլոր փաստերը եւ ողջ իրականությունը կարծես մեր դեմ էին, բայց մենք փրկվեցինք այստեղ:  Ինքներս վաստակեցինք ապրելու եւ միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու իրավունքը: Եվ դա արել է հայության բոլոր ժամանակների ամենաողբերգական, բայց միաժամանակ ամենահերոսական սերունդը: Հավերժ փա՛ռք եւ խոնարհու՛մ բոլոր անվանի եւ անանուն հերոսների պայծառ հիշատակին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների եւ Հանրապետության տոնի կապակցությամբ: Սա մեծ օր է՝ հարության եւ վերածննդի օր: Մաղթում եմ բոլորիս տոնական բարձր տրամադրություն եւ խաղաղ երկինք»:




Լրահոս