ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  ԴԱՀԿ-ը վերջերս հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ  երեք անգամ ավելացել է վարկառուներից բռնագանձվող գումարների ծավալը: Կուզենայի տեղեկանալ, թե ինչով է պայմանավորված նշված երեւույթը, եւ ինչ ցուցանիշ է արձանագրվել ԴԱՀԿ-ում: Հետաքրքիր է նաեւ, թե որ բանկերն են ամենամեծ պահանջատերերը, եւ մեր քաղաքացիները հիմնականում որ վարկատեսակների գծով են պարտքեր կուտակում:

Սարգիս Սահակյան, 33 տարեկան, պատմաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. ԴԱՀԿ ծառայության կողմից 2011 թվականի ընթացքում ՀՀ առեւտրային բանկերի օգտին վերականգնվել է 5.772.612.011 դրամ 2010 թվականի 4.108.181.556 դրամ գումարի դիմաց: Նույն ժամանակահատվածում վարկային կազմակերպությունների օգտին վերականգնվել է 417.612.968 դրամ  2010 թվականի  288.032.987 դրամ գումարի դիմաց: Իսկ ինչ վերաբերում է ցուցանիշների ավելացմանը, ապա նշեմ, որ այն առաջին հերթին պայմանավորված է ծառայության գործունեության նկատմամբ հասարակության վստահության բարձրացմամբ, եւ հենց դա էլ նպաստում է վերականգնումների թվի աճին:
2011 թվականի ընթացքում ամենաշատ բռնագանձումները կատարվել են «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ի, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի եւ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի օգտին:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության վերլուծական եւ կազմտեսչական բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, ոչ այնքան հասարակությունն է սկսել  ԴԱՀԿ-ին վստահել, որքան անվճարունակության պատճառով մեր հայրենակիցների` բանկերում ունեցած պարտքերի չափն է մեծացել, ինչն էլ ֆինանսական կառույցներին մղել է բռնագանձումների նշված տարբերակը կիրառել: Որքան հասարակությունը շատ ֆինանսական խնդիրներ ու պարտքեր ունենա, այնքան ԴԱՀԿ-ի անելիքը կշատանա: Տվյալ դեպքում հենց այդպես էլ կա: Առանց որոշակի տեղեկատվության տիրապետելու էլ պարզ է, որ եթե նախորդ տարին բանկերի հետ գործարքներ ունեցող բնակչությունը նման ահռելի պարտքերով է փակել, ապա առաջիկա ամիսներին հարկադիր կատարողների եւ վարկառուների միջեւ քաշքշուկները շարունակվելու են:




Լրահոս