ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ «ՎԱԶՎՐԱՏ» Է ԱՆՈՒՄ ԻՐԵՐՆ ՈՒ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ

Կառավարությունն այսօր լուծարելու է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն, որը Տիգրան Սարգսյանի գլխավոր ծրագրերից մեկն է եղել՝ վարչապետ նշանակվելու առաջին օրվանից: Բացի այդ, կառավարության նախաձեռնությամբ ընթացող ԱԺ արտահերթ նիստում ընդգրկված է նաեւ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ենթադրում է պարտադիր աուդիտի համակարգի վերացումը: Սա, ինչպես հայտնի է, Տիգրան Սարգսյանի հեղինակային օրինագծերից էր, որով վերջինս հսկում էր բանկային, ֆինանսավարկային եւ աուդիտորական կազմակերպություններին: Սակայն սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մտադրություն ունի այս ծրագրերը «ոչնչացնելուց» հետո քայլեր սկսել «Որոտան հէկ»-ի «վերադարձման» ուղղությամբ: ՀՀ նորանշանակ վարչապետն իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի կարողանա «Որոտան հէկ»-ի վաճառքի գործարքը չեղյալ համարվի: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթերը եւս Տիգրան Սարգսյանի «քավորությամբ» կնքվեցին: Այսպիսով, Հովիկ Աբրահամյանն իր երազանքների պաշտոնին հայտնվելուց հետո զբաղված է իրեն 6 տարի «երազախաբ արած» նախորդի հետքերը վերացնելով:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ «իրար գլխի» էր հավաքել հայրենի 100 խոշոր գործարարներին ու հայտարարել, որ այսուհետ իրենք պետք է աշխատեն այնպես, որպեսզի ստվերներ չլինեն: Այլ կերպ ասած, Հովիկ Աբրահամյանը կրկին իրեն հատուկ «ոճով» կարողացավ անուղղակիորեն ասել, որ նախորդ վարչապետի օրոք ստվեր է եղել: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ հանդիպման ժամանակ վարչապետը հորդորել է այսուհետ բարեխղճորեն վճարել հարկերը, ներդրումներ կատարել, որպեսզի ՀՀ-ում տնտեսությունն աճի: Իսկ վերջում էլ հավելել է, որ իրենք պետք է «գիծ քաշեն» իրենց նախկին գործունեության վրա եւ հունիսի 1-ից աշխատեն այնպես, ինչպես կարգն է: Վարչապետը խոստացել է նաեւ գործարար դաշտում ստեղծել հավասար պայմաններ եւ հետեւողական լինել, որպեսզի գործարարները կատարեն իրենց առջեւ դրված պարտավորությունները: Տեսնենք, թե որքանով կիրականացնի իր խոստումները:

 

Մի խումբ հրազդանցիներ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն նամակ են գրել՝ հակադարձելով Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանին, ով օրերս տված հարցազրույցում վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի հասցեին: Նամակը սկսվում է այսպես. «Մայիսյան այս օրերին հրազդանցիների խոսք ու զրույցը երկու «նմանակների» մասին է՝ Կովալի ու Կոնչիտայի»։ Հրազդանցիները բավականին կոշտ մակդիրներով են բնորոշել Շահգալդյանին. «Դու մարզպետ չէիր, դու իսկական վարակ էիր, Շակալենկո, վարակ եկար, համաճարակ գնացիր… հրազդանցիներս ցանկություն ունենք վերանորոգելու միկրոշրջանի հանրային զուգարանը եւ անվանակոչել քո գարշելի անունով… Քո շահի համար սրա- նրա կամակատար դառնալն է՞ քո սկզբունքայնությունը, մոռացե՞լ ես պաշտոն ստանալու համար ոնց էիր սողում նույն Սասունի ոտքերի տակ»:

 

ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանն այս օրերին տարերքի մեջ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա հատուկ մասնագիտական խումբ է բերել ՊԵԿ-ից, որոնք ֆինանսական մասով ուսումնասիրություններ են կատարում նախարարությունում, որպեսզի ցույց տան, թե Դավիթ Սարգսյանը նախարար լինելու շրջանում որքան գումար է մսխել: Հիշեցենք, որ ԱԱԾ-ն նախկին նախարարի գործը վերսկսել է քննել եւ բավականին լուրջ չարաշահումներ է հայտնաբերել. պարզվել է, որ նախարար դառնալուց հետո Սարգսյանի կարողությունը շեշտակի ավելացել է, ընդ որում` մի քանի ամսում, ինչն էլ, ըստ շրջանառվող լուրերի՝ դրամաշնորհային ծրագրերի ատկատների արդյունքն է: Բացի այդ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Խաչատրյանը պատրաստվում է բացահայտումների մի ամբողջ փաթեթ ներկայացնել Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին: Ի դեպ, գաղտնիք չէ, որ Գագիկ Խաչատրյանը լարված հարաբերությունների մեջ էր Տիգրան Սարգսյանի հետ, եւ հիմա եկել է քավոր-սանիկ զույգին «մեռոնահան» անելու ամենահարմար պահը:

 




Լրահոս