ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ «Արմավիա» ավիաընկերությունը տրամադրում է 15 տոկոս զեղչ բոլոր 18 տարեկանը լրացած տղամարդկանց, որոնք կօգտվեն ավիաընկերության ուղիղ չվերթերից հունվարի 28-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում: Հետաքրքիր է իմանալ, եթե ՌԴ-ից կամ այլ երկրից Հայաստան գալու համար գնեն «Արմավիա» ավիաընկերության տոմսեր, այդ դեպքում նույնպե՞ս 15 տոկոս զեղչ կկիրառվի:

Կարեն Ավետիսյան, 32 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, «Արմավիա» ավիաընկերությունը տրամադրում է 15 տոկոս զեղչ բոլոր 18 տարեկանը լրացած տղամարդկանց, որոնք կօգտվեն ավիաընկերության ուղիղ չվերթերից հունվարի 28-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում,  թռիչքի բաց ամսաթվով վաճառքն արգելվում է: Զեղչը գործում է «Արմավիա» ավիաընկերության բոլոր չվերթերից օգտվելու դեպքում, ուստի կապ չունի, թե տոմսը որտեղ է գնվել` Ռոստովում, Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում, թե Հայաստանում, կարեւորը, որ այն լինի «Արմավիա» ավիաընկերության ուղիղ չվերթերից:

«Արմավիա» ավիաընկերության մամուլի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ինչպես նշվում է, կարեւորը, որ «Արմավիա»-ի ծառայություններից օգտվեն… Նման մի խորհրդանշական զեղչ էլ միակ ավիափոխադրողն Ամանորից առաջ էր հայտարարել: Պարբերաբար կրկնվող զեղչային ակցիաները վկայում են, որ գործող սակագները նվազեցնելու հնարավորություն «Արմավիա»-ն ցանկացած պահի ունի: Ավելին, դեռ ամիսներ առաջ այս ընկերության օլիգարխ-սեփականատեր Մ.Բաղդասարովը հայտարարել էր, թե շատ շուտով օդանավի տոմսի գներն ընդհանրապես իջնելու են: Խոստումն, ինչպես երեւում է, առայժմ օդում է մնացել, ուստիեւ այդ մասին հիշեցնելով` մնում է սպասել, որ այս կամ այն սոցիալական կամ տարիքային խմբերին վերաբերող զեղչերն առաջիկայում կփոխարինվեն չափազանց թանկ տոմսերի գնանկմամբ:




Լրահոս