Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն «իրար գլխի» էր հավաքել հանրապետության 100 խոշոր հարկատուներին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետը գործարարներին ասել է, թե այսուհետ պետք է մոռանան ստվերային տնտեսության մասին, պետք է բարեխղճորեն վճարեն հարկերը ու ներդրումներ կատարեն, որպեսզի ՀՀ տնտեսությունն աճի: Հ. Աբրահամյանը նշել է, որ այդ ամենը սկսվելու է հունիսի 1-ից:
Հիմնականում հանդիպմանը մասնակցել են այն մարդիկ, ովքեր խոշոր սեփականատերեր են ու ի զարմանս բոլորի` նաեւ հայրենի օրենսդիրներ:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Հակոբ Հակոբյանը, Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), Արտակ Սարգսյանը (Սասի Արտակ), Աշոտ Արսենյանը, Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշի Բարսեղ), Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նաեւ` «JCA Հայաստանի ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ-ի եւ Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ Գագիկ Աբրահամյանը (Արա Աբրահամյանի եղբայրը), «Մաքս գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանը, «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի որդիներ Կարեն եւ Միքայել Վարդանյանները, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը, «Ավշարի գինու եւ կոնյակի գործարան»-ի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Հանդիպումը տեւել է մոտ մեկ ու կես ժամ: Նախ՝ ելույթ է ունեցել Հովիկ Աբրահամյանն ու խոստացել գործարար դաշտում ստեղծել հավասար պայմաններ, սակայն այն նախապայմանով, որ գործարարները ներդրումներ կանեն Հայաստանում, որպեսզի ՀՀ տնտեսությունը զարգանա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետը շատ հստակ հայտարարել է, որ գործարարները պետք է մոռանան, թե նախկին կառավարության ժամանակ իրենք ինչպես են աշխատել, «գիծ քաշեն» իրենց նախկին գործունեության վրա ու սկսեն շատ բարեխիղճ աշխատել` առանց ստվերային տնտեսության:
Հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանն ու նշել, որ իրենք Հայաստանի տնտեսության զարգացման առումով որեւէ բան չեն ասում, բայց այս տարիների ընթացքում էլ ամեն ինչ արել են տնտեսության աճի համար:
Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ ինքը շատ հետեւողական է լինելու եւ ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանում ի վերջո բոլորը պարտաճանաչորեն վճարեն հարկերը: Նա հավաստիացրել է, որ հունիսի 1-ից այլ իրավիճակ է լինելու` կրկին փնովելով իր նախորդին:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ