ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ «ԽԵՐ» ՄՆԱՑ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ՇԵՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ կառավարությունը լուծարելու է «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն ու վերջ է դնելու ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` Գյումրին տեխնոքաղաքի վերածելու ծրագրին: «Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչ օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ընկերությունում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար եւ առաջարկել է սկսել լուծարման գործընթաց»,- նշված է կառավարության որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի՝ մերօրյա «Նյու Վասյուկի»-ի նախագծի վրա, ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության, 2008-2012թթ. ընթացքում պետական բյուջեից ծախսվել է 430 մլն դրամ: Հիշեցնենք նաեւ, որ ըստ Տ. Սարգսյանի նախագծի՝ այսօր արդեն Գյումրու տեխնոպարկում պետք է թողարկվեին ինքնաթիռներ եւ նավեր: Բայց իրականությունը ցույց տվեց, որ թղթի վրա նկարված «փուչիկ» ցուցանիշներով ինքնաթիռներ եւ նավեր հնարավոր չէ արտադրել:
Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է. «Լուծարման ներկայացված «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն (հասցեն` ք.Գյումրի, Խրիմյան Հայրիկի 27) ստեղծվել է 2006 թվականին: Ընկերության պետական բաժնեմասը կազմում է 49,02 տոկոս: Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրումից մինչ օրս գործունեություն չի իրականացրել, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դրանում պետական բաժնեմասի հետագա պահպանումը գտնում է ոչ նպատակահարմար եւ առաջարկել է, հիմք ընդունելով ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջ՝ «Անալիտիկսարք-մեկ» ՓԲԸ-ի համաձայնությունը, սկսել լուծարման գործընթաց: «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ն որեւէ կապ չունի ՀՀ կառավարության կողմից 2008թ.-ից իրականացվող Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրի հետ, որի արդյունքում Գյումրիում ստեղծվել են տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտների ուսումնական եւ գիտահետազոտական լաբորատորիաներ, կազմակերպություններին տրամադրվել է բիզնես աջակցություն եւ խորհրդատվություն, պատրաստվել եւ վերապատրաստվել են տեխնոլոգիական մասնագետներ»:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Շիրակի մարզից պատգամավոր ընտրված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանի հետ` պարզելու նրանց տեսակետը Գյումրու տեխնոպարկի լուծարման շուրջ:

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
-Պարոն Գրիգորյան, նորաստեղծ կառավարությունը որոշել է լուծարել Գյումրու տեխնոպարկը, այն համարելով ոչ նպատակային կառույց: Դուք, լինելով գյումրեցի, ինչ եք կարծում, իսկապե՞ս այն որեւէ առումով Գյումրու համար օգտակար չէր կարող լինել:
-Ճիշտն ասած, այդ գաղափարին ի սկզբանե լուրջ չեմ վերաբերվել: Այսօրվա դրությամբ, մեզ համար թիվ մեկ խնդիրը աշխատատեղերի ստեղծումն է, որը բացակայում է, մենք ունենք քաղաքացիներ, մենք ունենք կրթված երիտասարդություն, մասնագետներ, բայց այսօր այդ մարդիկ աշխատելու խնդիր ունեն: Տեխնոպարկի հետ կապված ի սկզբանե թերահավատ եմ եղել, որովհետեւ դա ինձ համար իրատեսական չի եղել: Այդ առումով մենք բազմից հնարավորություն ունեցել ենք խոսելու նաեւ քարոզարշավի ժամանակ ու ես այդ տեխնոպարկի գաղափարի հետ կապված բացասական եմ արտահայտվել: Եվ այսօր նոր կառավարությունն իր այս քայլով ցույց տվեց, որ մենք ժամանակին ճիշտ ենք եղել: Մենք գտնում էինք, որ Գյումրին շատ ավելի հրատապ խնդիրներ ունի լուծելու, եւ եթե կա լրացուցիչ, ավելորդ գումար, ու կառավարությունը չգիտի, թե այդ գումարը որտեղ եւ ինչպես օգտագործի, ապա կարելի է այսօր ավելի իրատեսական ծրագրեր իրագործել:
-430 միլիոն դրամ գումար է ծախսվել այս տարիների ընթացքում…
-Ավելի վատ, ու իմ կարծիքով՝ այս քայլը, որ արվում է, ճիշտ է արվում: Իսկ գումարների հետ կապված պետք է հետեւություն անեն ու, ինչու չէ, նաեւ ուսումնասիրություն անցկացնեն, թե այդ գումարներն ինչի համար են տրամադրվել, ինչի համար են օգտագործվել ու ինչու ժամանակին որոշվեց այդ անիմաստ ծրագրի համար նման գումար փոշիացնել:

ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
-Պարոն Ավետիսյան, ինչո՞ւ է նորաստեղծ կառավարությունը «պայթեցնում» ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ծրագրերը, ըստ Ձեզ՝ արդյո՞ք պետք էր լուծարել Գյումրու տեխնոպարկը:
-Այդ ծրագիրը մի օգուտ տվեց. ի վերջո, Գյումրիի սրտում գտնվող այդ շենքը, որը երկրաշարժից հետո կիսաքանդ վիճակում էր, վերականգնվեց: Սա այսօրվա ամենամեծ օգուտն է կազմում: Նախկին կառավարությունը հայտարարում էր, որ նոր աշխատատեղեր են բացվելու, սակայն նոր կառավարությունը պարզել է, որ այդպես չէ ու որոշել է նման կերպ վարվել:
-Չե՞ք կարծում, որ այդ քայլով Հովիկ Աբրահամյանն ընդամենը փորձում է քննադատել ու փնովել նախկին կառավարությանը:
-Չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանը կամ Կարեն Ճշմարիտյանը, ով տեխնոպարկի պատմությունը շատ լավ գիտի, իմանալով, որ թեկուզ մեկ տարի հետո հնարավոր է Գյումրիում 1000 աշխատատեղ ստեղծել, այսօր դա լուծարեր: Կարծում եմ` դա անհնար է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս