ՄԻԵԴ-Ը ՀՀ-Ի ՕԳՏԻՆ
«Մինասյանն ընդդեմ Հայաստանի» գործով (Minasyan v. Armenia, 2014թ., գանգատ թիվ 44837/08) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության առնելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով երաշխավորված անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման հարցը, գտել է, որ Վ.Մինասյանի գործով Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում չի արձանագրել, իսկ մյուս մասերով արձանագրած խնդիրները ՀՀ իրավական համակարգում արդեն իսկ ստացել են Եվրոպական դատարանի իրավական չափանիշներին համապատասխանող լուծում: ՄԻԵԴ-ի կայացրած վճռի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ հանդես է եկել ծավալուն պարզաբանմամբ, որտեղ, մասնավորապես, նշել է. «Այս գործով Եվրոպական դատարանի ձեւավորած դիրքորոշումները կարեւոր են, քանի որ լրացնում են քրեական վարույթի ընթացքում անձի իրավունքների ապահովման կոնվենցիոն երաշխիքների համակարգը»:
ՎՐԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ՊԱԿԱՍՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսիան ակնկալում է Վրաստանի աջակցությունը. նախօրեին Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նրա խոսքով՝ Վրաստանը մասնակցում է տարածաշրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստեղծված իրավիճակից ելք գտնելու գործընթացին, եւ «մենք ելքը միասին ենք փնտրում»: Օլանդը հիշեցրել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, եւ ցանկանում է ունենալ «Վրաստանի աջակցությունը այդ երկու երկրներին վստահության նշաններ ուղարկելու համար»:
ԼԱՎ ԼՈՒՐ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ խորհրդարանում ասաց, որ հստակ տեղեկատվություն է ստացել, թե էլեկտրաէներգիայի սակագինը ներկայում գործող 38 դրամից կարող է դառնալ 45 դրամ: Սակայն Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց, թե էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացման մասին չի լսել: «Ճիշտն ասած, ես Էներգետիկայի նախարարությունում աշխատելով հանդերձ, այդ ինֆորմացիան չեմ լսել: Սակագների սահմանման համար որոշումներն ընդունում է կարգավորող հանձնաժողովը, հետեւաբար, մեր իրավասության սահմաններում մենք այդ հարցը չենք քննարկել»,-նշեց նա: