«Տիգրան Սարգսյանն անցած էտապ ա… Բոլորն էլ իմ մտերիմներն են եղել…»:
Բարսեղ Բեգլարյան 1in.am
Քաղաքականությունը, բիզնեսը եւ մարդկային, բարոյական սկզբունքները միշտ չէ, որ կարող են գոյատեւել նույն հարթության վրա: Ընդամենը պաշտոնների փոփոխություն եւ քաղաքականության հետ անմիջական կապ ունեցող օլիգարխը միանգամից կարող է մոռանալ եւ ուրանալ իր երբեմնի մտերիմներին: Համենայնդեպս, Տ. Սարգսյանի՝ վարչապետ եղած ժամանակ Բ. Բեգլարյանը երբեք չէր համարձակվի նման արտահայտություն անել: Ուստի սպասելի է, որ հաջորդ վարչապետի օրոք նույն արտահայտությունը կանի Հ. Աբրահամյանի մասին, ում գովքն այսօր անում է: Նման մարդկանց համար գործում է մի սկզբունք՝ շահի սկզբունքը, քանի դեռ չի եկել իրենց էտապը:
«Հայաստանը ԵՏՄ-ի հետ գրեթե լուծել է սոցիալական նշանակության ապրանքների ներկրման տուրքերի հարցը: Բանակցությունների ավարտի ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ: Բայց ինձ թվում է՝ դա մեծ նշանակություն չունի»:
Կարեն Ճշմարիտյան News.am
Տպավորություն է, որ էկոնոմիկայի նորանշանակ նախարարն այդքան էլ լավ չի հետեւում իրադարձություններին եւ ժամանակից շուտ հայտարարություններ է անում: Նախ՝ ՄՄ անդամ մյուս երկրներն այդքան էլ ոգեւորված չեն ՀՀ-ի անդամակցությունից եւ առանձնապես չեն ողջունում այդ իրողությունը, ուստի դեռ հայտնի չէ՝ ինչ զարգացումներ կլինեն եւ կկայանա՞ արդյոք այդ միությունն այնպես, ինչպես որ ծրագրված էր: Իսկ ապրանքների ներկրման տուրքերի հարցեր լուծելը կարելի է հասկանալ այնպես, որ ՀՀ-ն երեւի պարզապես համաձայնվել է իր առջեւ դրված բոլոր պայմաններին, քանի որ հակառակը` որ համաձայնվեն ՀՀ-ի պայմաններին, մեղմ ասած, ծիծաղելի է:
«Գրում եք անուն-ազգանունս ու փակագծերի մեջ՝ Թոխմախի Մհեր: Ես ձեր հոր տարիքին եմ, Թոխմախի Մհերը ո՞րն ա, ո՞նց կարելի ա: Ամոթ ա, չի կարելի… Դուք յանի թե ձեր արեւին ինձ պիտակավորում եք, հա՞»:
Մհեր Սեդրակյան Armlur.am
Իսկ լրագրողներին ծնոտ կոտրելով սպառնալը, մարդկանց հայհոյելը ամոթ չէ՞: Կամ մի՞թե ամոթ չէ պատգամավորին ոչ վայել բառապաշարով խոսելը, չէ՞ որ գոնե վերջին տարիների ընթացքում կարելի էր մի փոքր ինքնակրթությամբ զբաղվել եւ փոխել գոնե խոսելաոճը: Բայց դա, իհարկե, ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավորների համար ամոթ չի համարվում, իսկ «Թոխմախի Մհեր» գրելն ամոթ է: Ի դեպ, նույն մարդը կոպտելիս ու հայհոյելիս կարծես թե չի հիշում, որ ինքը լրագրողների «հոր տարիքին է», իր տարիքը Մհեր Սեդրակյանը հիշում է միայն այն ժամանակ, երբ իրեն է դա ձեռնտու:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ