ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ – 2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունները բավականին լայն քննարկումների առիթ տվեցին: Դիվանագետը փաստորեն հրապարակեց «Մադրիդյան սկզբունքներ»-ի հիմնարար վեց կետերը, որոնք մինչ օրս պաշտոնապես չէին հնչեցվել: Այսօր փորձենք անդրադառնալ ԼՂ կարգավիճակի որոշման հարցին` քննարկելով, թե ինչպես է միջազգային հանրությունը տեսնում դրա մեխանիզմը եւ ինչպիսի ճակատագիր է ունեցել այս հարցը բանակցությունների 20 տարիների ընթացքում:

Այսպես, Ուորլիքը ս.թ. մայիսի 17-ին Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ելույթ ունենալիս արձանագրել է. «Հաշվի առնելով ԼՂ բարդ պատմությունը՝ կողմերը պիտի համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը ապագայում իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված եւ իրավական ուժ ունեցող կամարտահայման միջոցով: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»: Իհարկե, դիվանագետը չի մատնանշել, թե ինչպիսի կամարտահայտման մասին է խոսքը: Այստեղ, սակայն, բավականին հետաքրքիր է այն, որ Միացյալ Նահանգները միջանկյալ կարգավիճակը հստակորեն համարում է ժամանակավոր ու արտահայտում իր վստահ վերաբերմունքը, որ այն պետք է շուտափույթ կերպով հանգուցալուծման հասնի:
Կենտրոնանալով «կամարտահայտություն» ձեւակերպման վրա՝ նկատենք, որ իրականում հստակ չէ, թե ինչպես պետք է դա իրացվի: Առավելեւս պարզ չէ, թե Հայաստանը, ստանձնելով ԼՂ դիրքորոշումը միայնակ ներկայացնելու պատասխանատվությունը եւ ավելի քան 15 տարի վարելով ոչ ճկուն դիվանագիտություն, այսօր որքանո՞վ է իրավասու խոսել ղարաբաղցիների կամարտահայտման մասին: Եթե մինչ 1998թ. Հայաստանը համարվում էր հակամարտության երրորդ կողմը, ապա այսօր ԼՂՀ-ն հեռացված է բանակցային սեղանից: Վերջին պարագան քննելիս հարկ է հաշվի առնել միջազգային խաղացողների ճնշումների փաստը: Երբ ժամանակին միջազգային դերակատարները հարկադրված էին լինում պայմանավորվել ոչ միայն Հայաստանի, այլեւ Ղարաբաղի ղեկավարության հետ ու յուրաքանչյուրի հետ վարել ուրույն խոսակցություն, այսօր արդեն այդօրինակ խնդրի չեն բախվում:
Ինչ վերաբերում է կամարտահայտության իրացման եղանակին, ապա կողմերը կարծես լայն ընտրություն չունեն: Խոսքը հիմնականում գնում է կամ համաժողովրդական հանրաքվեի, կամ էլ նույնօրինակ հարցման մասին: Այստեղ, սակայն, ծագում են մի շարք հարցեր, որոնց պատասխաններն առայժմ տրված չեն՝ ո՞վ է անցկացնելու հանրաքվեն, ովքե՞ր են մասնակցելու դրան: Անհասկանալի է, արդյո՞ք մասնակցելու են նաեւ ադրբեջանական «փախստականները», եւ արդյոք նրանք դա պետք է անեն արդեն Արցախ վերադառնալուց հետո, թե մինչ այդ Ադրբեջանի տարածքից` այդ երկրի վերահսկողության ներքո: Նաեւ պարզ չէ` եթե բանակցությունները վարում է Հայաստանը, ապա ինչպիսի՞ դերակատարություն է այն ունենալու հանրաքվեի անցկացման հարցում: Եվ, ի վերջո, մի՞թե Ադրբեջանը չեզոքություն է պահպանելու հանրաքվեի ընթացքում:
Այստեղ հարկ է զուգահեռ անցկացնել Կոսովոյի հետ, որի անկախության ջատագովը դարձավ Արեւմուտքը: Այն պաշտպանեց երկրամասի անկախությունը՝ ոչ միայն համաժողովրդական պլեբիսցիտով, այլեւ Հաագայի միջազգային դատարանի իրավարար վճռով: Արեւմտյան աշխարհի համար որեւիցե երկրամասի անկախության ձեռքբերման գործընթաց պետք է անցնի Հաագայի դատարանի ընթացակարգով:
Այլ խնդիր է, իհարկե, Ղրիմը: Ռուսաստանն իրականում լեգիտիմ հիմքով է այն յուրացրել: Ի վերջո, Ղրիմում եւս տեղի ունեցավ համաժողովրդական հանրաքվե, թեպետ այն չիրացվեց Ուկրաինայի օրենքների հիման վրա:
Ի տարբերություն Ղրիմի՝ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի պատգամավորների որոշումով դիմումը ուղղված էր կենտրոնական իշխանությանը՝ խնդրելով ԽՍՀՄ ղեկավարությունից երկրամասը դուրս բերել Ադրբեջանական ԽՍՀ կամզից ու ներառել Հայկական ԽՍՀ մեջ: Դրանից հետո ԼՂ իշխանություններն արդեն 1991թ. դեկտեմբերի 10-ին ինքնուրույն անցկացրին համաժողովրդական հանրաքվե ու հռչակեցին ԼՂՀ անկախությունը: Ղարաբաղը, փաստորեն, արդեն իրագործել է կամարտահայտության իրավունքի գործարկումը եւ հռչակել իր անկախությունը: Արդ, ի տարբերություն Ղրիմի, որը գտնվելով Ուկրաինայի կազմում՝ ինքնորոշման խնդրով նախ պետք է դիմեր այդ երկրի իշխանություններին, ապա եւ նոր հանրաքվե անցկացներ, ԼՂ-ն անցել է այդ ընթացակարգով:
Անշուշտ, խնդրի կարգավորման միջոցներից մեկը պիտի լինի նաեւ հանրաքվեն, սակայն անորոշ «կամարտահայտություն» ձեւակերպումը, կարծում ենք, դարձյալ նահանջ է՝ համեմատած նախորդ տարիների ու հատկապես 1997թ. փուլային տարբերակի հետ, որի մասին առավել մանրամասն կխոսենք հաջորդիվ:
շարունակելի

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս