ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՄԵԿՆԵՆ ՄՐՑԱՇԱՐԻ

Հայաստանի երիտասարդ հեծանվորդներ, օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի, «Հայաստան» մարզական ընկերության, Երեւանի օլիմպիական պետական քոլեջի, «Վելո վիկտորի» ակումբի սաներ Էդգար Ստեփանյանը, Կայծակ Սողոյանը, Պավել Ստեփանյանը, Աբել Մանուկյանը եւ Էդգար Սարգսյանը ապրիլի վերջերին մասնակցել են Լեհաստանի գավաթի առաջնությանը։ Այն միջազգային օրացուցային պլանով նախատեսված, երիտասարդների՝ 2,1 գործակից ունեցող մրցաշար էր։ Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: «Վերոնշյալ մարզիկներից չորսն են երիտասարդ, իսկ Պավել Ստեփանյանը պատանեկան տարիքի է, բայց ընդառաջել են, որ մասնակցի։ Նա խմբակային վազքում 87 մասնակցի մեջ գրավեց 6-րդ տեղը, ինչը լավ արդյունք է, եթե հաշվի առնենք նաեւ այն, որ այդ տարիքում մեկ տարին շատ մեծ դեր է խաղում։ Հույս ունենք, որ նա եկող տարի կբարելավի արդյունքը։ Արդեն մայիսի սկզբին սկսվեց տարվա առաջին միջազգային մրցաշարը, որը կոչվում էր Գրուդիոնս քաղաքի նախագահի գավաթ։ Դրան մասնակցում էր 186 մարզիկ 33 թիմից, որոնցից 16-ը տարբեր երկրների հավաքականներ էին, մնացածը՝ ակումբներ։ Արդյունքները վատ չէին, ոմանք բարելավեցին իրենց անձնական ցուցանիշները։ Այս կորիզը պետք է կարողանանք պահպանել»։ Մայիսի 29-ին երիտասարդները մեկնելու են Շվեյցարիա՝ մասնակցելու օլիմպիական թանգարանի հովանու ներքո արդեն 44-րդ անգամ անցկացվող շատ կարեւոր մրցաշարի։ «Ամեն տարի մասնակցում ենք Իրանում անցկացվող միջազգային մրցաշարին, զբաղեցնում մրցանակային տեղեր, սակայն Շվեյցարիայի մրցաշարը շատ ավելի բարձրակարգ է, եւ կազմակերպիչներն իրենք են ընտրել քսան երկիր։ Վարկանիշով մեր հավաքականը չի համապատասխանում մրցաշարի մակարդակին, սակայն մեզ հրավիրել են՝ հաշվի առնելով նաեւ ՀԱՕԿ-ի հեղինակությունը, կատարած աշխատանքը։ Իսկ տղաների նախապատրաստման գործում մեծ է օլիմպիական պետական քոլեջի տնօրեն Արմեն Գաբրիելյանի, քոլեջի անձնակազմի դերը»։
Նշենք, որ հեծանվային սպորտի ֆեդերացիան պետբյուջեից ստանում է 13 միլիոն դրամ, իսկ ֆեդերացիայի նախագահը Ալեքսանդր Բերեզովսկին է։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

ՎՐԱՍՏԱՆԻՑ ԵՆ ԲԵՐՈՒՄ

Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտը 2007թ-ին մեծ թվով խոզերի անկման պատճառ դարձավ: 2010թ-ին համաճարակը կրկնվեց, որի հետեւանքով մարզում խոզերի քանակն ավելի կրճատվեց: Իսկ 2013թ. ամռանն Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղում աֆրիկյան ժանտախտից ավելի քան 160 խոզ սատկեց: Բայց ՀՀ կառավարությունն այդպես էլ պաշտոնապես չընդունեց, որ խոզերի անկման պատճառը աֆրիկյան ժանտախտն է, որպեսզի փոխհատուցում չվճարի: Ներկայում Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները մեկնում են Վրաստանի Մառնեուլ քաղաք եւ այնտեղ խոճկորներ գնում, քանզի Տավուշում սակավ խոզ է մնացել, իսկ Մառնեուլում ավելի էժան են: Սակայն խոճկորներ ներկրելու համար որոշակի փաստաթղթեր են հարկավոր, եւ նոյեմբերյանցի գնորդը Բագրատաշենի մաքսակետով, առանց փաստաթղթերի, ներկրում է միայն մեկ խոճկոր:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս