ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՀԱՐՑԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք ներկայացնել լրագրողական հետաքննությունը Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանի մասին, թե ինչպես է նա վիճելի տեղեկանք ստացել ՀՀ ոստիկանությունից եւ ինչ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ի դեսպանատունն այդ գործընթացի վրա:

Հիշեցնենք, որ Մարուքյանը 1 տարի 17 օր մշտապես բացակայել է Հայաստանից, սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից ստացել է տեղեկանք՝ 5 տարի ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին:
2012թ. հունիսի 20-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը գրավոր հարցումով դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն՝ խնդրելով պատասխանել հետեւյալ 2 հարցին՝
1. Արդյո՞ք Էդմոն Մարուքյանը մասնակցել է 2009-2010 թթ. ընթացքում ԱՄՆ-ում անցկացված «Հուբերտ Համֆրիի» անվան ծրագրին։
2. 2009-2010 թթ. ժամանակահատվածում Մարուքյանը քանի՞ անգամ է այցելել ԱՄՆ եւ ի՞նչ ժամկետով:
Հարցմանն ի պատասխան՝ 2012 թ. հունիսի 28-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան լրատվության գծով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը գրել է. «ԱՄՆ դեսպանատան պատասխանը Շուշան Դոյդոյանին (28.06.2012) Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Էդմոն Մարուքյանը մասնակցել է Հուբերտ Համֆրիի անվան գիտահետազոտական կրթաթոշակների ծրագրին 2009-2010 թթ.: Հուբերտ Համֆրիի ծրագիրը 10 ամիս տեւողությամբ մասնագիտական կատարելագործման ծրագիր է ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող անձանց համար, որի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում ուսանել ու մասնագիտական փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում՝ առանց գիտական կոչում ստանալու: Կրթաթոշակային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ծրագրի կայքը, որի հասցեն է http://humphreyfellowship.org/» (Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան այս պատասխանն առավելագույնս ճշգրիտ դարձնելու նպատակով նշենք, որ այդ կայքում Համֆրիի ծրագրի մասին նաեւ նշված է «մասնագետների մեկ տարվա պատրաստումը Միացյալ Նահանգներում»-խմբ.): Այժմ ներկայացնենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ուղղված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի՝ 2012թ. հունիսի վերջին՝ 2-րդ հարցումը. «Շուշան Դոյդոյանի պատասխան նամակը դեսպանատանը. Հարգելի Թագուհի Ջահուկյան… Շնորհակալություն պատասխանի համար (խոսքն առաջին հարցման պատասխանի մասին է-խմբ.)։ Միաժամանակ հայտնում եմ, որ Ձեր գրությամբ պատասխանվել է Իմֆորմացիայի ազատության կենտրոնի` 2012 թ. հունիսի 20-ի գրության միայն առաջին հարցին, մինչդեռ երկրորդ հարցին ընդհանրապես անդրադարձ չի կատարվել։ Ուստի, խնդրում եմ, տրամադրել տեղեկատվություն մեր գրության երկրորդ հարցին կամ մերժել դրա տրամադրումը: Հարցը հետեւյալն է. 2009 եւ 2010 թվականների ընթացքում Պարոն Մարուքյանը քանի՞ անգամ է այցելել Միացյալ Նահանգներ եւ ի՞նչ ժամկետով»: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն արդեն երկու տարի է՝ որեւէ պատասխան չի տվել վերոհիշյալ հարցումին:
Մարուքյանի կատարած հանցագործության մասին հրապարակումներով է հանդես եկել նաեւ «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթը: Լրագրող Մելանյա Ծառուկյանը 2012 թ. հունիսի 22-ին գրավոր հարցումով, ինչպես Շուշան Դոյդոյանը, դիմել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջ. Հեֆերնին՝ խնդրելով պատասխանել նույն հարցերին: Սակայն երկու գրավոր հարցումների դեպքում էլ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը պաշտոնապես պատասխանել է միայն հարցերից մեկին. այն է՝ Մարուքյանի՝ ԱՄՆ-ում 10 ամիս սովորելու հարցին՝ խուսափելով պատասխանել, թե Մարուքյանն այդ ժամանակահատվածում քանի՞ անգամ է Հայաստանից այցելել ԱՄՆ ու ԱՄՆ-ից Հայաստան, ե՞րբ եւ ի՞նչ ժամկետով:
Ակնհայտ է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը պարզապես խուսափում է պատասխանել ամենակարեւոր հարցերին՝ մտավախություն ունենալով հայտնվել սկանադալի մեջ:
Նշենք, որ Հայաստանից ԱՄՆ մեկնելու համար Մարուքյանին ԱՄՆ-ի մուտքի վիզա է տրամադրել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, որի ղեկավարն է դեսպան Ջ.Հեֆերնը: Հետեւաբար դեսպանատունն ու դեսպան Հեֆերնը լիովին տիրապետում են Հայաստանից ԱՄՆ եւ ԱՄՆ-ից Հայաստան Մարուքյանի տեղաշարժերի բոլոր մանրամասներին: Եվ երկրորդ՝ մասամբ պատասխանելով ուղարկված հարցումներին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը պաշտոնապես արձանագրել է, որ Մարուքյանը 2009-2010 թթ. ընթացքում Հուբերտ Համֆրիի անվան կրթաթոշակների ծրագրի շրջանակներում 10 ամիս սովորել է ԱՄՆ-ում եւ պատասխանում շարունակել՝ «Կրթաթոշակային ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ծրագրի կայքը, որի հասցեն է, http://humphreyfellowship.org/»։
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մատնանշած այս կայքում, Համֆրիի անվան ծրագրին վերաբերող http://armenia.usembassy.gov/humphrey_fellowships.html պաշտոնական կայքում մասնավորապես նշված է, որ Համֆրիի անվան ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն, որը համապատասխան ընթացակարգ անցած դիմորդների գործերը ներկայացնում է Վաշինգտոնում գտնվող միջազգային կրթության ինստիտուտի գրասենյակին: Այսինքն՝ Համֆրիի ծրագրում ընդգրկված հայաստանցի միակ թեկնածու Մարուքյանի՝ ԱՄՆ-ում սովորելու ընտրությունը կատարվել է դեսպան Ջ. Հեֆերնի ղեկավարած Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից, որը նաեւ այդ հիմքով է պարտավոր առանց խուսանավելու պատասխանել Մարուքյանի մասին ցանկացած՝ այդ թվում լրագրողական հարցումներին: Որպես Համֆրիի ծրագրի հայաստանյան գործընթացը համակարգող եւ ի պաշտոնե, ամերիկյան դեսպանատան ղեկավար, Հեֆերնը չէր կարող չիմանալ, որ Հայաստանում ամերիկյան դեսպանատան կողմից ընտրված Համֆրիի ծրագրի միակ հայ մասնակից Մարուքյանը 2009թ. հունիսի 13-ից մինչեւ 2010թ. հունիսի 30-ը՝ 1 տարի 17 օր մշտապես բացակայել է Հայաստանից: Ու եթե դեսպանատունը պատասխաներ արդեն նշված լրագրողական այն երկու հարցումներին, ապա կմատներ նախ Մարուքյանին, ապա նաեւ կեղծ փաստաթուղթ տված հայաստանյան իշխանությունների հանցավոր քայլը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնին տեղին է հիշեցնել միջազգային քրեական իրավունքում լայնորեն կիրառվող հանցագործության փաստն իմանալու եւ այդ մասին չհայտնելու հանրահայտ դրույթը:
Ի դեպ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ղեկավարած գրասենյակի իրավաբանի կարգավիճակ ունենալով է Մարուքյանը 2009թ. հունիսի 13-ին մեկնել ԱՄՆ՝ ուսումնառության:

շարունակելի

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ




Լրահոս