Այսօր դերասան, հումորիստ, ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Ղազարյանի ծննդյան օրն է, որը նա ընկերների հետ նշելու է ռեստորանում։ Իսկ արդեն մայիսի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալու է նրա բենեֆիսը։
-Դարձաք արդեն 65 տարեկան, թե՞ դեռ 65 տարեկան եք։
-Տարիքը կապ չունի. կա մեծանալ եւ կա ծերանալ։ Եվ ես, թու-թու-թու, մեծանում, բայց չեմ ծերանում։
-Մեծ լինելու մասին մի պատմություն կա։ Երբ կատակում են 70-ն անց մի մարդու հետ, նա վրդովված ասում է՝ ես մեծ եմ, ինչո՞ւ եք ինձ ծաղրում։ Կողքի երիտասարդը պատասխանում է. «Դու ոչ թե մեծ ես, այլ պարզապես շուտ ես ծնվել»։ Այսինքն՝ մարդը գործով է մեծ կամ փոքր։ Ի՞նչը չեք հասցրել անել։
-Մարդ ինչքան էլ անի, միեւնույն է, դեռ անելու բան մնում է։ Մի պատմություն էլ ես պատմեմ։ Ընկերներով հավաքվում, զանգում են մեկ այլ ընկերոջ, ասում՝ արի՛, ռեստորանում նստած ենք։ Պատասխանում է՝ չեմ կարող, դեռեւս գործս չեմ վերջացրել։ Մի քանի օր հետո զանգում, ասում են՝ գնացել ենք լողանալու, աղջիկներ կան, իջիր, գնանք զբաղվենք։ Պատասխանում է՝ չեմ կարող, գործս չեմ վերջացրել։ Մի քանի օր հետո զանգում, ասում են՝ մի 3 օրով Սոչի ենք գնում, արի գնանք, պատասխանում է՝ տղեք ջան, կգայի, բայց գործս չեմ վերջացրել։ Բոլորը զայրանում, նստում են ավտոմեքենան, գալիս նրա տան մոտ, ազդանշան տալիս։ Նա իջնում է, նստեցնում են ավտոն, քշում ուղիղ գերեզմանոց։ Այնտեղ իջնում են, իջեցնում նրան ու ասում՝ այ, նայո՞ւմ ես սրանց, սրանցից ոչ մեկը գործը չի վերջացրել։ Այնպես որ՝ երբեք մեր գործերը չենք հասցնելու վերջացնել։
-Ձեր գործունեության մեջ ի՞նչն եք ավելի շատ կարեւորում։
-Ես թատրոնի ու կինոյի դերասան եմ, բայց թատրոն ավելի շատ եմ սիրում։ Մնացածը հոբբիներ են։ Ամեն տարի ներկայացում եմ պատրաստում. հոգնում, ձանձրանում, ուզում եմ ուրիշ բան անել։ Բացի այդ, ուզում եմ՝ համը միշտ մնա ժողովրդի բերանում։
-Կա՞ դեր, որ երազել եք խաղալ, բայց չի ստացվել։
-Միակ բանը, որ երազել եմ ու չեմ կարողացել խաղալ (հիմա էլ արդեն իմ տարիքին համապատասխան չէ) Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան» կոմեդիայում Տրուֆալդինոյի դերն էր: Եթե հիմա այդ կերպարի տարիքին լինեի, ինքս կկազմակերպեի՝ ինչպես իմ մյուս ներկայացումների դեպքում։ Ընդհանրապես իմ ներկայացումներում ոչ միայն ծիծաղ, այլ նաեւ թախիծ ու լիրիկա կա, իսկ դա իմ ամենասիրած ժանրն է։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ