Ազգագրական հայրենասիրական երգերի հեղինակ եւ կատարող Ներսիկ Իսպիրյանն այսօր կդառնա 51 տարեկան։ Մեզ հետ զրույցում նա հումորով նշեց, որ տարիքը շնորհք է բերում մարդուն, ապա հիշեց Սայաթ-Նովայի ասածը. «Շնորհալի մարդուն է շնորհք բերում»։ Դե, իսկ որ մեր զրուցակիցը շնորհալի երգիչ է, երաժիշտ, արդեն վաղուց բոլորը գիտեն։ Մեր զրույցի օրն էլ նա նախապատրաստվում էր Հանրապետության հրապարակում Մայիսի 28-ին կայանալիք տոնական համերգին։
-Սովորաբար ինչպե՞ս եք նշում ծննդյան օրը։
-Քանի որ անցյալ տարի 50-ամյակս բավականին մեծ շուքով նշել ենք (300 հոգի արվեստագետներ, երգիչներ, հյուրեր էին տարբեր տեղերից), այս տարի մի 10-15 հոգով նշելու եմ ընտանիքիս հետ։
-Բացի շնորհքից, ինչպես արդեն նշեցիք, ուրիշ ի՞նչ են տվել այդ տարիները։
-Եթե կարճ ասեմ՝ փորձ, վերելք արվեստի բնագավառում եւ այն ամենը, ինչը կապված է մարդկության, մարդու հետ։
-Երկրի, պետության համար ձեռքբերում համարո՞ւմ եք վերջին տարիները, հատկապես անկախությունը։ Մենք հիմա ավելի անկախ ենք, քան նախկինո՞ւմ։
-Երբ որ Գարեգին Նժդեհ ես կարդում, համոզվում ես, որ եթե ժողովուրդը, հայրենիքը անկախ չեն, դատապարտված են գերեզմանի։ Բայց, բոլոր դեպքերում, քանի որ փոքր երկիր ենք, փոքր պետություն, ուզենք թե չուզենք, ինչ-որ ձեւով մեծամեծ երկրներից կախման մեջ պիտի մնանք, որովհետեւ հենց նրանք են ղեկավարում աշխարհը։ Կարծում եմ՝ այս քսան տարիների ընթացքում նվաճում ունենք՝ հանձին ազատագրված Արցախի։ Դա հենց անկախությունը հասկանալու, անկախության մեջ լինելու մենաշնորհն ու մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն է։ Եվ տա Աստված, որ ապագան այնպիսի հնարավորություններ տա մեզ, որ կարողանանք մեր կորցրած մյուս հողատարածքներն էլ ճիշտ քաղաքականությամբ վերադարձնել։ Եվ այդ ժամանակ անկախությունն իրականում մեր օգտին կլինի։
-Այսինքն՝ տանենք ոչ թե Ավարայրի նման բարոյական, այլ իրական հաղթանա՞կ։
-Ավարայրը պարտություն էր։ Եվ եթե պիտի ռեալ հողային հաղթանակներ չունենանք, ուրեմն ինչի՞ համար ենք պայքարում։ Չէ՞ որ մեր ժողովուրդը շատ բան է կորցրել այս վերջին 100, կարելի է ասել՝ 650 տարիների ընթացքում։ Ու նաեւ հենց այդ առումով է կարեւորվում Արցախի ազատագրումը։
-Ազգային երաժշտության, երգարվեստի բնագավառում այս տարիների ընթացքում ավելի շատ ձեռքբերումնե՞ր, թե՞ կորուստներ ունենք։
-Վերջին տարիներին ազգային երգը, երաժշտությունը մի փոքր զարթոնք են ապրում, բայց դա մշտապես պետք է լինի։ Ազգային երգը մեր ժողովրդի հետ ծնվել, ժողովրդի հետ հարատեւում, գոյատեւում է, ու եթե ժողովուրդը կտրվի ազգայինից, մոռանա այն, նույնիսկ հողատարածքների վերադարձը կկորցնի իր արժեքը։ Թող անհամեստություն չհամարվի, բայց վերջին հինգ տարվա ընթացքում ազգայինը քարոզելու հարցում զգալի է նաեւ իմ դերը։ Երբ ես ԱՄՆ-ից եկա, Մարզահամերգային համալիրում երկու համերգով հանդես եկա, մարդիկ տեսան, որ իմ երգածն ուրիշ բան է, հարազատ է, իրենցն է։ Եվ այսօր այլ երգիչ-երգչուհիներ էլ, ում մոտ գուցե չի ստացվում, միեւնույն է, սկսում են երգել ազգային երգեր։ Բայց դա դեռեւս շատ քիչ է, ամեն առիթով պետք է այն քարոզվի։ Ազգային երգը պետք չէ մրցակցության մեջ դնել, այն պետք է գուրգուրել, ամենուր ներկայացնել, որպեսզի այն հարատեւի։
-Այժմ դառնանք մի ապազգային, կարելի է ասել, ապամարդկային երեւույթի՝ Կոնչիտայի եվրատեսիլյան հաղթանակին։
-Ես դիտեցի միայն մեր տղայի՝ Արամ MP-3-ի ելույթը, ով իմ հայն է, իմ տեսակը, իմ արյունը, իմ ոսկորն ու միսը։ Նրան՝ որպես տաղանդավոր երաժշտի, երգչի, շատ սիրում եմ, հարգում, բարձր գնահատում նրա լավ կատարումը։ Իսկ ինչ վերաբերում է Կոնչիտային կամ Պոնչիտային, էդ անթրաշ կամ թրաշով կնոջը, ապա նա ինձ բոլորովին չի հետաքրքրում, եւ չեմ էլ ուզում խոսել նրա մասին։ Ինձ իմ տեսակն էր հետաքրքրում, եւ ես լսեցի Արամ MP-3-ի ելույթը, վերջում էլ իմացա, որ չորրորդ տեղն է զբաղեցրել, ասացի՝ լավ է։ Այդքանը։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ