ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԱՎԵԼԻ ՈՒՇ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` օրերս Երեւանում արած հայտարարությունը, թե ինքը փորձում է հասկանալ, այլ ոչ թե դատապարտել Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը, բնականաբար որոշակիորեն արտացոլում էր նաեւ ԵՄ ընդհանրական մոտեցումը: Առավելեւս, որ Ֆրանսիայի նախագահն ավելի առաջ գնաց եւ հայտարարեց, թե «պետք է գտնել Եվրամիության հետ ասոցացվելու խելացի մոդել, որը չի հակասի Մաքսային միության հետ անդամակցությանը»:
Եվ երեկ այս կապակցությամբ ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոյի՝ «Ազատության» հետ զրույցում արած հայտարարությունը, ըստ էության, Օլանդի ասածի շարունակությունն էր: Ֆյուլեի խոսնակը, մասնավորապես, նշել էր. « Մենք սպասում ենք մեր հայ գործընկերներին, որոնք պետք է ներկայացնեն բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, որպեսզի մենք կարողանանք անցնել հաջորդ փուլ եւ քննարկել հարաբերությունների նոր իրավական հիմքերը»:
Նկատենք, որ եթե սեպտեմբերի 3-ից հետո Եվրոպայի արձագանքը շատ ավելի կտրուկ էր եւ կատեգորիկ, ապա հիմա, հատկապես ուկրաինական զարգացումներից հետո, կարծես թե այդ կատեգորիզմը թուլացել է եւ ի հայտ է եկել համագործակցության վերսկսման տեսանելի պատրաստակամություն: Ըստ ամենայնի` Եվրամիությունում կամաց- կամաց հանգում են այն եզրակացության , որ «ամեն ինչ կամ ոչինչ» բանաձեւը Ռուսաստանի շահերին առնչվող հարցերում չի կարող աշխատել, եւ այս դեպքում մասն ավելի լավ է, քան ոչինչ:
Ընդհանրապես այն, ինչ կատարվեց ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Հայաստանի դեպքում` Եվրամիության ընդլայնման քաղաքականության ոչ գրագետ իրագործման հետեւանք էր: Եվ եթե կոնկրետ Ուկրաինայի դեպքում իրավիճակը եւ շահերի մասշտաբն այլ էր, ապա Հայաստանում ԵՄ-ն կարող էր հասնել լիարժեք հաջողության, եթե շրջանառության մեջ չդներ «կամ-կամ»-ի ուլտիմատումային սկզբունքը:
Նկատենք, որ Հայաստանի` ԵՄ հետ բանակցությունների գրեթե ողջ ընթացքում Ռուսաստանը որեւէ անգամ հանդես չեկավ փոխադարձ «կամ-կամ»-ային վերջնագրով: Ընդհակառակը, գոնե հրապարակային տիրույթում ՌԴ իշխանությունների դիրքորոշումը բավականին տոլերանտ էր: Եվ դրան ԵՄ-ն պետք է հակադրեր հենց համարժեք քաղաքականություն, որի դեպքում Հայաստանն ուղղակի տրամաբանական պատճառաբանություն չէր կարող ունենալ` ԵՄ հետ ասոցացումից հրաժարվելու համար:
Իհարկե, տեսակետ կա, որ այդ մեզ էր պետք ԵՄ հետ ասոցացումը, եւ ոչ թե ԵՄ-ին, հետեւաբար Եվրոպան նման քաղաքական կոմբինացիաների խնդիր չուներ: Ուկրաինայի դեպքերը, սակայն, Արեւմուտքին ցույց տվեցին, որ այսօր Հայաստանը Եվրամիությանը պետք է ոչ պակաս, քան ԵՄ-ն` մեզ: Եվ սա այն դեպքն է, երբ գործում է հայտնի իմաստությունը` լավ է ուշ, քան երբեք:




Լրահոս