ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ 100 գործարարների` նախօրեին կայացած հանդիպումը երեկվա ամենաքննարկվող թեմաներից էր: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ հանդիպման ընթացքում բացի ստվերային տնտեսության վերացման անհրաժեշտության մասին վճռական հայտարարություններից, Հովիկ Աբրահամյանը նաեւ նշել է, որ գործարարներին աջակցելու նպատակով կառավարությունը ցանկանում է սահմանի վրա «Ապրանքների ավելացված արժեքի հարկը» վերացնել: Գործարարներին այս առաջարկությունը շատ է ոգեւորել, բայց նշվել է, որ այդ ծրագիրն առայժմ իրատեսական չէ:
«Ապրանքների ավելացված արժեքի հարկը» վերացնելու հարցը շատ երկար է քննարկվել, սակայն Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իրենք դեռեւս չեն հստակեցրել, թե ինչ մեխանիզմով են աշխատելու: Բանն այն է, որ այդ դեպքում բյուջետային մուտքերը կպակասեն, ինչը, բնականաբար, լուրջ հարված կլինի պետբյուջեին: Այդ պատճառով էլ կառավարությունը ցանկանում է այս ծրագիրը նախ մի քանի ամիս փորձարկել, ապա արդյունավետության դեպքում արդեն լիովին գործարկել: Նշենք, որ Հայաստանում սահմանի վրա ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկը գործում է դեռեւս 1998 թվականից եւ կազմում է 20 տոկոս:
Հիշեցնենք, որ դեռեւս 2013 թ. հուլիսի 4-ի կառավարության նիստի ժամանակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե ավելացված արժեքի հարկի գանձումը դեռ պետք է շարունակել. «Հարցի լուծման գաղտնիքն այն է, որ մեզ անհրաժեշտ է լինելու 90 մլրդ դրամ, որովհետեւ այն պահից, երբ մենք սահմանին չենք գանձում ԱԱՀ-ն, մինչեւ այն պահը, երբ կարող ենք տնտեսությունից այդ հարկը հավաքել, կարող է անցնել 1-3 տարի։ Բայց միանգամից մենք 90 մլրդ դրամի եկամուտ չենք կարող հավաքել»: Նախկին վարչապետը հայտարարել էր, որ խնդիրը պետք է լուծվի քայլ առ քայլ: Թե որքանով կհաջողվի նորաթուխ կառավարությանը իրագործել այս ծրագիրը, դժվար է ասել: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պատգամավորների հետ` պարզելու նրանց տեսակետն այդ հարցի շուրջ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարոն Հակոբյան, Դուք եւս ներկա եք եղել ՀՀ վարչապետի եւ 100 գործարարների հանդիպմանը, որի ժամանակ վարչապետը հայտարարել է, թե կառավարությունը մտադիր է սահմանի վրա «Ապրանքների ավելացված արժեքի հարկը» վերացնել: Դուք այդ ծրագիրը որքանո՞վ եք իրատեսական համարում:
-Ավելացված արժեքի գանձումը սահմանի վրա ունի երկու խնդիր: Առաջինը դա 300 միլիարդ գումար է, եւ եթե մենք սահմանի վրա չենք գանձում, ապա մենք բյուջեն հավաքելու համար պետք է թարմ գումարի ռեզերվ ունենանք: Եթե մենք այդ գումարի ռեզերվն ունենանք, ապա տնտեսության համար ճիշտ կլինի հարկի գանձումը սահմանի վրայից հանել:
-Իսկ հնարավո՞ր է այդ ռեզերվը ձեռք բերել վարկի միջոցով….
-Եթե կարողանանք վարկով վերցնել լավ է, բայց դա շատ մեծ գումար է:
-Դուք որքանո՞վ եք իրատեսական համարում այս ծրագրի իրագործումը:
-Այսօրվա համար ես չեմ տեսնում իրատեսական:
-Իսկ Դուք հանդիպման ժամանակ այդ մասին ասե՞լ եք Հովիկ Աբրահամյանին:
-Դուք իմ կարծիքը հարցրեցիք, ես ասացի:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
-Պարոն Պողոսյան, իրակա՞ն եք համարում սահմանի վրա «Ապրանքների ավելացված արժեքի հարկը» վերացնելու` ՀՀ նորանշանակ կառավարության մտադրությունը:
-Նախ եւ առաջ պետք է մարդիկ ազնիվ կատարեն իրենց առեւտուրը եւ ըստ այդմ էլ փոխանցեն այդ գումարը: Մենք պետք է հասկանանք, որ պետք չէ խուսափել, ստվեր մտնել, այլ պետք է հարկերը վճարել: Սա արդեն դառնում է տեխնիկական հարց, որ յուրաքանչյուր գործարար պետք է կարողանա բարեխղճորեն կատարել իր առջեւ դրված խնդիրը: Իսկ ինչ վերաբերում է այդ օրենքին, ապա կարծում եմ՝ «Ավելացված արժեքի մասին» օրենքը պետք է ոտքից գլուխ փոխվի ու նոր համակարգ ներդրվի, որտեղ նոր մշակույթով մարդիկ կսկսեն իրենց պարտքը կատարել: Իսկ տեխնիկական խնդիրն այսօր որեւէ էական հարց չի լուծելու, եթե մարդիկ բարեխիղճ չլինեն: Այդ օրենքը 10-ից ավելի տարվա պատմություն ունի, ուղղակի այն վերաձեւավորվել է: Ձեւել ենք աջ, ձեւել ենք ձախ, միացրել ենք, հանել ենք, որից որեւէ էական փոփոխություն չի եղել: Պետք է ձեւավորվի այն մշակույթը, որ մարդիկ ցանկանան վճարել հարկերը ու իրենք հասկանան, թե ինչի համար է պետությունը այդ հարկը հավաքում: Վստահ եմ, որ մի օր կունենանք գործարարներ, ովքեր կհասկանան, որ աուդիտը դա ներդրում է, ովքեր կհասկանան, որ իրենց հիմնարկը ինչքան լավ աշխատի, այնքան շատ ներդրում կունենան: Եվ այդ ժամանակ կունենանք գործարարներ, ովքեր շատ մեծ ուրախությամբ իրենց եկամուտներից կվճարեն հարկերը: Մենք պետք է հասնենք դրան:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ