Իշխող ՀՀԿ-ն ամեն քայլափոխի ապացուցում է, որ «վերջին բոլշեւիկ» արտահայտությունը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հասցեին հնչած ամենալավ եւ ամենադիպուկ բնութագիրն է: Ս.Սարգսյանն իրեն իրոք պահում է վերջին բոլշեւիկի նման՝ հետեւողականորեն վերակենդանացնելով խորհրդային սիմվոլները:
Ընդամենը վերջերս Երեւանի կենտրոնական փողոցներից մեկն անվանվեց Խորհրդային Հայաստանի ղեկավարներից` Անտոն Քոչինյանի անվամբ, կանգնեցվեց նրա կիսանդրին: Ճակատագրի հեգնանքով հենց Քոչինյանի իշխանավարման տարիներին են կալանավորվել ու երկարատեւ ազատազրկման դատապարտվել ՀՀԿ-ի հիմնադիրները: Հիմա ՀՀԿ-ն իր հիմնադիրներին դատապարտած կոմունիստական ղեկավարի արձանը դնում է, որ ինչ անի: Սակայն այս աղմուկը չմարած, հիմա էլ ցանկանում են Երեւանում կանգնեցնել Անաստաս Միկոյանի արձանը: Միկոյանի արձանի շուրջ ծագած բանավեճի համատեքստում հրապարակվեցին բազում փաստեր նրա հակաազգային գործունեությունից: Ընդամենը նշենք մեկը` Մոսկվա ուղարկած նրա հեռագիրը, որտեղ խորհրդային գործիչը պնդում էր՝ «Հայաստանում 500 մարդ ձերբակալելը քիչ է, պետք է դարձնել 1000 մարդ»:
Կատարվածին համալրելու է գալիս նաեւ «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որում առաջարկվում է 6 եւ ավելի երեխա ունեցողին տալ «Ծնողական փառքի մեդալ», առաջարկվում է նաեւ «Աշխատանքային վաստակի համար» մեդալ, «Երախտագիտության մեդալ» եւ այսպես շարունակ: Ճիշտ է, նախագծում դեռ չեն ընդգրկել«Ոսկե աստղ», «Մուրճ եւ մանգաղ» մեդալները, «Հերոս կթվորուհի», «Հերոս բանվորուհի», «Հարվածային» եւ մյուս խորհրդային կոչումները: Բայց եթե հաշվի առնենք «վերջին բոլշեւիկների» իշխանության ջանասիրութունը, ապա դժվար չէ կռահել, որ դա կանեն շատ մոտ ապագայում: Բայց եթե խորհրդային տարիներին այդ մեդալակիրներին տրվում էր պարգեւ՝ գումարի տեսքով, նաեւ որոշակի արտոնություններ, ապա ՀՀԿ-ն, հավատարիմ անցյալից միայն վատը վերցնելու իր ոճին, մեդալների ու պարգեւների շնորհման հարցում եւս ընտրել է վատագույնը` ընդամենը դատարկ կոչում է տալիս:
«Սովետիզմի հոտ է գալիս»,-նախագիծը երեկ այսպես բնութագրեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: Իսկ ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն այս միտքը շարունակեց. «Ընդհանրապես, եթե հոտ է գալիս, լուսամուտները բացում ես: Հիմա ես առաջարկում եմ որեւէ լուսամուտ բացել, որ էդ գարշահոտը չլինի»: Նա հայտարարեց, թե իր առաջարկը բխում է իր լավ բարեկամ, ՀՀԿ հիմնադիր, լուսահոգի Աշոտ Նավասարդյանի մոտեցումներից, ով իր կյանքը նվիրել է խորհրդային ռեժիմի դեմ պայքարին: Արզումանյանի խոսքերով՝ եթե Նավասարդյանը ողջ լիներ, կտարակուսեր՝ տեսնելով ՀՀԿ-ի նման գործելաոճը: «Երախտագիտության, աշխատանքային վաստակի համար մեդալ՝ դա շատ լավ է, նորմալ է, տվեք, խրախուսեք, ծնողական փառքի մեդալ՝ «ՏՐՊպվ ՎՈՑպՐՌվրՍՏռ րսՈՉօ», որ վերանվանվեց «ՏՐՊպվ ՐՏՊՌՑպսՖրՍՏռ րսՈՉօ», ընդ որում՝ եթե չորս երեխա ունես, մեդալ ես ստանում, եթե յոթ՝ «օրդեն»: Հիմա մենք մի հատ մեդալ ենք ստացել, վեցի դեպքում տալիս ենք: Ռուսիզմ է լրիվ»,- ասաց Արզումանյանը: Եթե ՀՀԿ-ականները փորձում էին ընդամենը նախագիծը պաշտպանել ի դեմս ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ով ասաց, թե «առաջարկը եկել է ներքեւներից», ապա խորհրդային տարիներին կուսակցական տարբեր պաշտոններ զբաղեցրած Արտաշես Գեղամյանն անցավ հարձակման` իր ելույթը նվիրելով խորհրդային անցյալի փառաբանմանը: «Այո, հպարտանում ենք վաստակավոր շինարարներով, հպարտանում ենք վաստակավոր ճարտարապետներով, ովքեր 70 տարիների ընթացքում կառուցեցին, շենացրին Սովետական Հայաստանը, որից հետո արհավիրքի պես 10 տարի գողացան, կողոպտեցին, քանդեցին, բայց տակը մնաց էլի, որովհետեւ վաստակավոր շինարար էր կառուցել»,- հին «երգերը» նոր կատարմամբ հնչեցրեց Արտաշես Գեղամյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ալեքսանդր Արզումանյանը հավելեց. «Քո հասարակությունը հիվանդ է: Մի հատ փորձեք Վրաստանում նման բան քննարկել: Բացառված է: Էդ մարդիկ փակել են սովետի թեման, վերջացած էտապ է դա: Այնտեղ որեւէ վրացու մտքով այլեւս չի անցնում անգամ քննարկել սովետական էդ ամեն ինչը: Իսկ այստեղ ամենավերջին բոլշեւիկի արձանն են դնում: Մենք դեռ սովետում ենք ապրում»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ