ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

41 ՄԼՆ ԴՐԱՄ ԱԳՆ-ԻՆ

ՀՀ կառավարության երեկվա որոշմամբ՝ ավելի քան 41 մլն դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետբյուջե վճարելու նպատակով: 2014թ. առաջին եռամսյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 635 անձնագիր: Մեկ այլ որոշմամբ՝ կառավարությունը հաստատել է ՀՀ դիվանագիտական այն ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ցանկը, որոնք 2014թ. ապրիլի 1-ից հետո շարունակելու են տրամադրել եւ փոխանակել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրեր: Վաշինգտոնում, Փարիզում, Բրյուսելում, Հաագայում, Բեռլինում, Վիեննայում, Պրահայում, Աթենքում, Մոսկվայում, Կիեւում ՀՀ դեսպանություններին եւ Լոս Անջելեսում, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություններին թույլատրվել է կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր տրամադրելու համակարգի տեխնիկական անսարքության դեպքում տրամադրել եւ փոխանակել վերը նշված որոշմամբ նախատեսված անձնագրեր:

ՆԱԽԱԳԻԾԸ ՉԸՆԴՈՒՆՎԵՑ

Երեկ ՀՀ կառավարությունը դեմ արտահայտվեց պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է նվազեցնել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հետեւանքով արագաչափերի արձանագրած տուգանքները: Հարցը ներկայացնում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում խոսքով՝ մինչ նախագծի ընդունումն անհրաժեշտ է կատարել համապատասխան վերլուծություն՝ տուգանքների չափերը շաղկապելով խախտումների վտանգավորության աստիճանի հետ: Միաժամանակ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, միջազգային փորձը եւ ներկայացնի համապատասխան առաջարկություն: Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքը, կառավարությունն առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ աշխատանքային խմբի ուսումնասիրությունների ավարտից հետո:




Լրահոս