ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ ԷՐ, ՀԻՄԱ ԷԼ ԹՐԹՈՒՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի բնակիչները պայքարում են տհաճություն եւ քոր առաջացնող թրթուռների (օկնոգենա վնասատու) դեմ:

Սարսափելի իրավիճակում հայտնված բնակիչների խոսքով, համարյա երեք շաբաթ է, ինչ թրթուրները չեն անհետանում: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թունաքիմիկատներն էլ չեն օգնում. միեւնույն է, նորից թրթուրներն ավելանում են, ձվադրում ու շատանում: Կոտայքի մարզի Թեղենիք համայնքի բնակիչների պնդմամբ՝ գյուղում երբեւէ նման վիճակ չի եղել. սա առաջին դեպքն է:
Կոտայքի մարզի Թեղենիք եւ Արզական համայնքներում, թրթուրները մեծ քանակությամբ լցվում են բնակելի տները: Արդյունքում՝ գյուղի երեխաների մեծ մասը կամ գիշերներն անցկացնում է հարազատների տներում կամ էլ՝ մեքենաներում: Գագիկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ այս եղանակային փոփոխությունները կարող են վերացնել այդ թրթուրներին: Թեղենիքում հիմնականում թրթուրները մեծ վնաս են հասցրել սխտորի սածիլներին:
Նույն պատկերն է ստեղծվել նաեւ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում՝ Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ, Ձորագլուխ, Վարդենիս, Չքնաղ: Նշված համայնքներում գյուղնախարարությունն արդեն բաժանել է համապատասխան թունաքիմիկատները:
Արագածոտնի մարզի Եղիպատրուշ համայնքի ղեկավար Մարզպետ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ գյուղի բնակիչները շարունակում են պայքարել թրթուրների դեմ. «Անընդհատ սրսկումներ ենք անում: Պայքարում ենք: Երկու օր է, արդեն մեզ մոտ անձրեւային եղանակ է, կարկուտ է գալիս, իսկ դրանք սովորաբար այս եղանակային պայմաններին չեն հարմարվում, դրա համար հույս ունենք, որ արագ կոչնչանան»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս