Մայիսի 18-ին՝ ժամը 12-ին, Երեւանում անցկացվելու է Սայաթ-Նովային նվիրված Վարդատոնը, որը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը եւ «Սայաթ-Նովա» մշակութային միությունը։
Քանի որ համերգային ծրագիրը ներկայացնելու է Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, մենք զրուցեցինք անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի հետ։ Նա, մասնավորապես, ասաց, որ Վարդատոնն առաջին անգամ տոնել են Թբիլիսիում՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի եւ գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ։ Սկսած 2005 թվականից՝ «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնը տոնը նշում է նաեւ Երեւանում։ Մեծ աշուղի հուշարձանի մոտ ոգեկոչման արարողության ընթացքում ելույթներ են ունենում մերօրյա գրողներ, աշուղներ եւ արվեստագետներ։ Արարողությունն ավարտվում է աշուղական երգի վաստակավոր անսամբլի եւ գեղարվեստական խմբերի համերգային ծրագրով։ Մենք հարցրեցինք, թե ինչո՞վ է նշանավորվում այս տարվա Վարդատոնը։ «Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիսի վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր՝ Վարդատոն։ Մասնակիցները գալիս են մեկական վարդ դնելու Սայաթ-Նովայի շիրմին։ Այս տարի լրանում է Վարդատոնի 100-ամյակը եւ, հետաքրքիր զուգադիպությամբ, երեւանյան Վարդատոնի՝ 10-ամյակը։ Այսինքն՝ 10 տարի առաջ մենք Վարդատոնը փոխադրեցինք նաեւ Երեւան։ Ու քանի որ Թբիլիսիում 100 տարի անընդմեջ այն նշվել է մայիսի վերջին կիրակի օրը, մենք նախընտրեցինք Երեւանում այս տոնը նշել մայիսի նախավերջին կիրակի օրը եւ նախապատրաստվել, որպեսզի մեկ շաբաթ հետո գնանք ու մասնակցենք թբիլիսյան Վարդատոնին։ Եվ այս գեղեցիկ ավանդույթը մենք արդեն պահում ենք 10 տարի»,-ներկայացրեց մեր զրուցակիցը։
Ապրիլի վերջերին Թ. Պողոսյանը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտում պաշտպանել է բանասիրական գիտությունների դոկտորի թեզը։ Ընդ որում՝ 14 կողմ եւ ոչ մի դեմ քվեարկությամբ։ Շնորհավորելով մեր զրուցակցին՝ հարցրեցինք, թե որն էր թեզի թեման։ «Թեման «Ջիվանու բանաստեղծական ժառանգությունն» էր, իսկ թեզի վրա աշխատել եմ թեկնածուականս պաշտպանելուց անմիջապես հետո՝ շուրջ 8-9 տարի»։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ