ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության պահից քանի՞ անձի նկատմամբ է այն կիրառվել: Եվ հետաքրքիր է իմանալ, թե որքա՞ն գումար է գանձվել ՀՀ պետբյուջե:

Գագիկ Եղոյան (43 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության պահից մինչեւ 2012 թվականի մայիսի 31-ը քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովը դրական որոշումներ է կայացրել թվով 6153 քաղաքացու վերաբերյալ եւ ՀՀ ՊՆ համապատասխան հաշվեհամարին է փոխանցվել մոտ 6 մլրդ ՀՀ դրամ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե պետբյուջե փոխանցված գումարն ահռելի է, եւ ցանկալի կլիներ, որ գոնե այն իր նպատակին ծառայեր, այլ ոչ թե լցվեր այս կամ այն պաշտոնյայի սեփական բյուջե:

 

ՀԱՐՑ. Ֆիզիկական եւ իրավաբանական ո՞ր անձինք են ամբողջովին ազատվում հողի հարկից:

Հարություն Սիրադեղյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հողի հարկից ազատված են՝
ա) բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները, պետական արգելանոցները, ազգային եւ ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները եւ պատմամշակութային նշանակության հողերը.
բ) հողային ռեֆորմի եւ սեփականաշնորհման ընթացքում ձեւավորված գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները՝ հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ամսվանից սկսած 2 տարվա ընթացքում.
գ) հողի այն սեփականատերերը, մշտական եւ ժամանակավոր օգտագործողները, որոնց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշակի ժամկետով եկամտահարկից ազատվելու պայմանով տրամադրվել են հողեր՝ այդ ժամկետի ընթացքում.
դ) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ եւ այլն).
ե) մասնագիտական տեխնիկական ուսումնարաններին եւ դպրոցներին կից ուսումնաարտադրական եւ փորձարարական հողամասերը.
զ) նոր հիմնված եւ երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչեւ տնկարկների լրիվ պտղաբերությունը՝ դրանց տարածքը 0,1 հեկտար եւ ավելի լինելու դեպքում.
է) պետական անտառային ֆոնդի հողերը,
ը) փոստային կապի ազգային օպերատորը.
ը) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար օգտագործվող հողերը` փոխադարձության սկզբունքով, ՀՀ արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի միջնորդության հիման վրա.
թ) Առաքելական սուրբ եկեղեցուն սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող՝ դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շինությունների, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգեւոր-մշակութային, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած հողամասերը:
ժ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում` համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք` այդ հողամասերի համար:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը ներկայացված է հստակ եւ մանրամասն: Մնում է մեր հայրենակիցները տեղեկանան եւ օգտվեն:

 

ՀԱՐՑ. Ես դիմել եմ վարկային կազմակերպություն, որպեսզի որոշակի գումար կարողանամ վերցնել: Ինձ տեղեկացրեցեին, որ դրա համար անհրաժեշտ է կնքել փոխառության պայմանագիր: Խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում փոխառության պայմանագիր ասվածը:

Լիլիա Մանուչարյան (38 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ փոխառության պայմանագրի կարգավորմանն է նվիրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 46-րդ գլուխը, որի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միեւնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի եւ նույն տեսակի ու որակի գույք: 879-րդ հոդվածի համաձայն՝ փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքը ներկայում կազմում է տարեկան 12%, հետեւաբար փոխառության պայամանագրի համաձայն տոկոսների չափը չի կարող գերազանցել տարեկան 24%-ը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե վերջին շրջանում շատ դյուրին է դարձել վարկային կազմակերպություններից եւ տարբեր բանկերից գումար ձեռք բերելը, բայց ցավալի է, որ առաջարկվող վարկերի տոկոսադրույքներն ու մարման պայմանները քաղաքացիներին գրեթե միշտ գցում են ավելորդ պարտքերի եւ այլ` կողմանկի տոկոսների բեռի տակ:




Լրահոս