«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պետեկամուտների կոմիտեն ավելի քան կես միլիոն դրամ է ծախսել փամփուշտներ ձեռք բերելու նպատակով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անցյալ ամիս ՊԵԿ-ը «Ասպար արմս» ՍՊԸ-ից ավելի քան 598 հազար դրամի 160 հատ 9.18 մմ տրամաչափի փամփուշտ է գնել, 50 հատ՝ 9,19 մմ տրամաչափի, 36 հատ 5,6 մմ տրամաչափի եւ 174 հատ էլ 38 մմ տրամաչափի փամփուշտներ է ձեռք բերել: Այսինքն՝ Գագիկ Խաչատրյանը զինում է իր աշխատակիցներին, եւ դատելով փամփուշտների քանակից՝ զինում է բավականին լավ:
Այստեղից առաջանում է տրամաբանական մի հարց՝ ու՞մ դեմ է զինվում ՊԵԿ-ը: Պետական մարմինների իրավազորությունները կարգավորող օրենսդրությամբ, ՀՀ-ում զինվում են հատուկ ծառայություններ իրականացնող գերատեսչությունները եւ զինված ուժերը: Իսկ փամփուշտներն առաջին հերթին եւ բացառապես ուղղված են մեր թշնամուն` ում գնդակներից գրեթե ամեն օր սահմանում զինծառայող է վիրավորվում կամ զոհվում: Իսկ թիկունքում Տամոժնի Գագոն զինվում է` հավանաբար կա՛մ ընդդեմ գործարարների, կա՛մ սեփական բիզնեսները, «ներողություն», հարազատների բիզնեսները պաշտպանելու նպատակով:
Իհարկե, ՊԵԿ-ի զինվելու վերաբերյալ կարող են պաշտոնապես պարզաբանել, թե օրենքով ՊԵԿ-ի օպերատիվ ստորաբաժանումներին թույլատրելի է ունենալ ամրակցված զենք: Սակայն նույնիսկ այդ դեպքում զինվելու փաստը չի կարող համարժեք լինել իրականությանը: Ինչպես Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում հայտարարեց, գործարարները մեր թշնամիները չեն, նրանք են պահում այս երկիրը: Հետեւաբար՝ ո՞ւմ դեմ է զենք հանում Տամոժնի Գագոն»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: