ՃԵՂՔՎԱԾՔԱԳԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի  ունկնդիրների առջեւ հանդես է եկել «Տնտեսական քաղաքականությունը  հետճգնաժամային ժամանակաշրջանում. մարտահրավերները եւ հնարավորությունները» թեմայով դասախոսությամբ: Ինչ խոսք, Տիգրան Սարգսյանը թերեւս ամենից քաջատեղյակն է այս հարցում եւ, անշուշտ, ուսանողներին ասելու բան ունի: Ի վերջո, աշխարհում ոչ ոք նրանից լավ չի կարող բացատրել, թե ինչպես կարելի է  խուսափել տնտեսական ճգնաժամից` պարզապես «ճգնաժամ» բառը չարտաբերելով:
Բոլորս հիշում ենք, որ 2008թ. ճգնաժամի «մարտահրավերը» հաղթահարելու հենց այս «հնարավորությունն» էր  քարոզում հարգարժան վարչապետը` «որ քիչ ասեք ճգնաժամ, այն կարող է եւ շրջանցել Հայաստանը» գրեթե միստիկական  տնտեսաքաղաքական փիլիսոփայությամբ: Թե այդ ամենը տնտեսական քանի տոկոսանոց անկմամբ ավարտվեց, հայտնի է բոլորին: Բայց դե դա արդեն անցած բան է, հիմա մեր երկրի տնտեսությունը կրկին աճ է արձանագրում: Թեեւ եթե անգամ  իրեն` Վարդան Օսկանյանին, խոստանան նախկին պաշտոնը, նույնիսկ նրա լեզուն չի պտտվի ներկայիս խղճուկ` 5.9 տոկոսանոց աճը կոչել ձախ ոտքից կաղ, բուրդը թողած կատվի թռիչք, էլ ուր մնաց կովկասյան վագրի:
Սակայն դա ամենեւին էլ չի խանգարում, որպեսզի Տիգրան Սարգսյանը հանդես գա իբրեւ հմուտ ճգնաժամագետ: Եւ, ինչպես երեկ պարզվեց, պարոն Սարգսյանի ճգնաժամագիտության առանցքը ճեղքվածքագիտությունն է` բառիս բավականին լայն իմաստով: «Ցանկանում եմ անդրադառնալ այն ճեղքվածքներին, որոնք հանդիսանում են ճգնաժամի հիմնական պատճառները»,-ասել է վարչապետը եւ որպես այդպիսին առանձնացրել 4 ճեղքվածք` հասարակությունների միջեւ աճող  անհավասարությունը, ժողովրդավարության եւ կապիտալիզմի բախումը, ինչպես նաեւ ֆինանսական ու առեւտրային անհաշվեկշռվածությունը: Կարճ ասած` համառոտ ներկայացրել նաեւ իր գործուն ջանքերի շնորհիվ Հայաստանում  ստեղծված  սոցիալ-տնտեսական իրավիճակը: Սակայն ճեղքվածքների մասին վարչապետի երեկվա դասախոսությունը մեզ հիշեցրեց նրա մեկ այլ` անցած նոյեմբերին Բրյուսելում ունեցած ելույթը, որտեղ նա հայտարարեց. «Ներկայումս Հայաստանում կա ճեղքվածք` հայտարարագրված արժեքների եւ իրականության միջեւ»: Եւ հիմա հարց է առաջանում` պարոն Սարգսյանի երեկվա դասախոսությունը  հենց այդ ճեղքվածքի համատեքստո՞ւմ պետք է դիտարկել: Այսինքն` կարելի՞ է ենթադրել, թե նա այդպիսով գիտակցում է, որ իր կողմից շարունակաբար թմբկահարվող բազմաթիվ տնտեսական ծրագրերի եւ իրականության միջեւ առկա է ոչ թե խորը ճեղքվածք, այլ հսկայական անդունդ: Եթե գիտակցում է, ապա թերեւս պետք է առաջին հերթին վերացնի հենց իր հայտարարագրած արժեքների եւ սեփական աշխատանքով կերտած իրականության միջեւ առկա ճեղքվածքը: Ի վերջո, որպեսզի երկիրը տնտեսական ճեղքվածքներ չունենա, պետք է որ այդ երկրի վարչապետը, բացի խելոք դասախոսություններ կարդալուց, գոնե երբեմն նաեւ խելոք ծրագրեր կյանքի կոչի:




Լրահոս