ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ երեկ աշխատանքից ազատվել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Պողոսյանը նշեց, որ իրեն աշխատանքից ազատել են անհիմն: «Ես չգիտեմ` ՀՀ որ օրենքով է արգելված արտերկրում հիվանդանալը»,-ասաց Պողոսյանը, ում 3 օր գործի չգալու համար ազատել են աշխատանքից:
-Իմ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, համաձայն որի` ազատել են զբաղեցրած պաշտոնից,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց տիկին Պողոսյանը` մանրամասնելով:-Ես ամանորյա տոներից հետո 3 օր` հունվարի 9-11-ը, բացակայել եմ աշխատանքից: Գտնվել եմ արտերկրում, նախատեսված էր, որ Երեւան պետք է վերադառնամ հունվարի 8-ին, որպեսզի արդեն ամսի 9-ից հաճախեմ աշխատանքի: Սակայն արտասահմանում հիվանդացա: Դեռ մինչեւ ամանորյա տոներն էին ինձ մոտ առողջական խնդիրներ ի հայտ եկել, բայց քանի որ բավական գործեր կային խորհրդարանում, հակառակ բժշկի պնդումներին` գնացի աշխատանքի: Որոշ չափով ապաքինվել էի, բայց հետո առողջական վիճակս սրվեց արտերկրում, ես կապվեցի բժշկիս հետ, նա ինձ արգելեց նման վիճակով դուրս գալ փողոց: Երեւան եմ վերադարձել ամսի 11-ի առավոտյան: Նույն օրը, ինչպես նաեւ հաջորդ օրը ներկայացել եմ պոլիկլինիկա, բժիշկը նայել եւ անաշխատունակության թերթիկ է տվել: Ընդ որում, ինձ տեսել է ոչ միայն բժիշկը, այլեւ բուժհաստատության տնօրենի տեղակալը, որն էլ կնքել է անաշխատունակության թերթիկը: Իմ հիվանդության մասին հեռախոսով տեղյակ եմ պահել նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարին ու նրա տեղակալին, որոնք արագ ապաքինում են ցանկացել ինձ: Ես կարծում եմ, որ բարեխղճորեն կատարել եմ այն բոլոր քայլերը, որը պահանջում է էթիկան: Իսկ թե ինչու են ինձ ազատել աշխատանքից, պարզ չէ: Եթե նույնիսկ իմ բացակայությունը համարում են անհարգելի, թեեւ ես դրա հետ համամիտ չեմ, միեւնույն է, նման խիստ պատիժն անհամաչափ էր: Աշխատանքի վերադառնալուց հետո ԱԺ-ում ինձանից բացատրագիր են պահանջել, ինչն էլ արել եմ: Ես չգիտեմ` ՀՀ որ օրենքով է արգելված արտերկրում հիվանդանալը:
-Այսինքն` Ձեզ աշխատանքից ազատել են անհարգելի բացակայելու համա՞ր:
-Եթե ընդունենք, որ իմ անաշխատունակության թերթիկը համարվել է անվավեր, եւ ես առողջական վիճակի պատճառով բացակայել եմ 3 օր, ապա չեմ կարծում, որ ԱԺ-ում մոտ 20 տարի աշխատած մարդու նկատմամբ ակամայից կատարած սխալի պատճառով կարելի է կիրառել պատժի բարձրագույն ձեւը: Ես չգիտեի, որ այդ օրերին ԱԺ-ում հայտարարված էր «պատերազմական իրավիճակ» կամ «արտակարգ դրություն», որի ժամանակ նույնիսկ ակամայից սխալվելու իրավունք չպետք է ունենամ: Մինչդեռ իրականում բոլորին է հայտնի, որ այդ հետտոնական օրերին ԱԺ-ում որեւէ միջոցառում չի եղել, եւ աշխատանքը չի տուժել իմ բացակայությունից: Ես 20 տարի շարունակ ծառայել եմ իմ երկրին, իմ պետությանը: Ես շատ եմ սիրում իմ երկիրը: Ես պետական ծառայող եմ եւ 20 տարի ծառայել եմ պետությանը եւ երբեք Ազգային Ժողովի որեւէ նախագահի հետ որեւէ խնդիր չեմ ունեցել: Ընդհակառակը, նման իրավիճակում յուրաքանչյուր ղեկավար առաջին հերթին պետք է մեծահոգի գտնվի: Եւ իմ աշխատանքային գործունեության ընթացքում չեմ հանդիպել մի ղեկավարի, որ նման իրավիճակում գտնող իր աշխատողին, բացի օգնության առաջարկից, մարդկային վերաբերմունքից, այլ քայլերի դիմի:
-Փորձե՞լ եք հանդիպել եւ այդ հարցը քննարկել ԱԺ նախագահի հետ:
-Ես փորձեր կատարել եմ ԱԺ նախագահի հետ հանդիպելու համար, բայց նա ցանկություն չի ունեցել հանդիպելու:
-Կարելի է ենթադրել, որ անձնական դրդապատճառներով են Ձեզ ազատել աշխատանքից: Կատարվածի տակ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Չեմ կարծում: Ամենայն հավանականությամբ, կատարվածը թյուրիմացություն է:
-Ձեր նկատմամբ ծառայողական քննության արդյունքում կոնկրետ ի՞նչ են բացահայտել:
-Այո՛, անցկացվել է ծառայողական քննություն, բայց արդյունքներից ես տեղյակ չեմ: Ես խնդրեցի ինձ տրամադրել դրանք, բայց չարեցին: Ինձ այսօր (երեկ-Ա.Գ.)` աշխատանքային օրվա ավարտից րոպեներ առաջ, տրամադրել են միայն աշխատանքից ազատելու կարգադրությունը, ընդ որում, այսօրվա ամսաթվով, երբ ամբողջ օրն աշխատանքի վայրում եմ գտնվել:
-Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, որ Ձեզ մի քանի անգամ առաջարկել են դիմում գրել, աշխատանքից դուրս գալ:
-Ինձ առաջարկվել է առանց բացատրության դիմում գրել, բայց ես հրաժարվել եմ:
-Ի՞նչ եք պատրաստվում անել այսքանից հետո:
-Ես պաշտպանելու եմ իմ իրավունքները, քանի որ խախտվել են իմ իրավունքները` թե՛ որպես մարդ, թե՛ որպես պետծառայող: Նախ կխորհրդակցեմ իմ իրավաբանների հետ, որից հետո արդեն կոնկրետ քայլերի կդիմեմ:
Հ.Գ. ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից հետո դառնալով խորհրդարանի խոսնակ` Սամվել Նիկոյանը, ամենայն հավանականությամբ հետեւելով իր «խորհրդականների» խորհուրդներին, հիմա ընկել է ԱԺ բոլոր այն աշխատակիցների «հետեւից», որոնք ժամանակին գնահատվել են Աբրահամյանի կողմից: Իսկ Գոհար Պողոսյանը մշտապես աչքի է ընկել ոչ միայն իր մասնագիտական հատկանիշներով, այլեւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների կողմից ընկալելի պաշտոնյաներից է:
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱ՞Կ, ԹԵ՞ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ