ՍԱՍՈՒՆՆ ՈՒԺԵՂ ԹԵԿՆԱԾՈՒ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսն առաջիկա ընտրություններին պատրաստվում է մասնակցել 18 կուսակցությունների դաշինքով, սակայն դեռ հստակեցված չեն համամասնական ցուցակը կազմելու մեխանիզմները: Երեկ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հրապարակեց հայտարարությունը` ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին:
Ըստ նրա` համամասնական ցուցակը կազմելը բավական ժամանակատար ու բարդ աշխատանք է: Զուրաբյանը կարծում է, որ տրամաբանական կլինի, եթե Կոնգրեսի համամասնական ցուցակը գլխավորի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այնուհանդերձ, ըստ նրա` այդ հարցը եւս չի քննարկվել Կոնգրեսում: «18 կուսակցությունների դաշինքն աննախադեպ բան է: Բարդ է ցուցակի շուրջ համաձայնության գալը: Մենք արել ենք գլխավորը` կուսակցությունները որոշել են ստեղծել դաշինք` առանց ցուցակը քննարկելու: Նշանակում է, որ ավելի բարձր են դնում սկզբունքները, քան քաղաքական առեւտուրը: Իշխանությունները լուրջ ակնկալիք ունեին, որ չենք գա համաձայնության: Ոչինչ, մենք իրենց կհիասթափեցնենք»,-ասաց նա: Թեեւ Կոնգրեսում չի քննարկվել մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու հարցը, սակայն, ըստ նրա, ինքը կողմնակից էր, որ բոլոր 41 ընտրատարածքներում իրենք ունենան թեկնածուներ: Անդրադառնալով լուրերին, թե հնարավոր է` ՀՀԿ համամասնական ընտրացուցակը գլխավորի Սերժ Սարգսյանը, Զուրաբյանն ասաց, թե դրանից Կոնգրեսը միայն կուրախանա: Ըստ նրա, եթե Ս.Սարգսյանը գլխավորի ՀՀԿ ցուցակը, ապա դա միայն կօգնի նրա պաշտոնանկության գործընթացի արագացմանը: «Նա այդպես կընդունի, որ ԱԺ ընտրությունները կվերածվեն իր վստահության հանրաքվեին»,-նշեց Զուրաբյանը: Խոսելով ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների մասին` նա նկատեց. «Եթե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ նշմարվող հակասությունները խորանան, դա հնարավորություն կստեղծի, որ ընտրություններն անցնեն ազատ եւ թափանցիկ: ՀՀԿ-ն ուզում է հնարավորինս անաղմուկ կեղծել ընտրությունները: Եթե կոալիցիայի գործընկերներից մեկը չի ցանկանում ենթարկվել, դա ստեղծում է լրջագույն նախադրյալներ, որ նվազեցվեն ՀՀԿ-ի կողմից իրականացվող կեղծիքները: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուժերի հետ` «Ժառանգության», ՀՅԴ-ի, ինչու ոչ` ԲՀԿ-ի հետ, ընտրակեղծիքների դեմ ճակատ կազմելու համար»:
Զուրաբյանը խոսեց նաեւ Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների մասին` շեշտելով, որ Կոնգրեսը սատարում է Սասուն Միքայելյանի թեկնածությունը: «Սասուն Միքայելյանն ուժեղ թեկնածու է, դա ոչ ոք չի վիճարկում, որն ունի ժողովրդականություն, այսօր էլ արդեն պարզ է, որ եթե լուրջ կեղծիքներ չլինեն, նա պետք է հաղթի: Ցանկացած հրազդանցու հետ եթե խոսեք, դա ակնհայտ իրողություն է: Եւ սա ստեղծում է բոլորի համար մի մեծ հնարավորություն եւս մեկ առանցքային հաղթանակ արձանագրել այս թալանչիների կուսակցության` ՀՀԿ-ի դեմ»,-նշեց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս