Ոստիկանները խառնաշփոթ են սարքել «Հին Էրիվան» ռեստորանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին զանգի օրը` մայիսի 23-ին, ժամը 23:00-ին «Հին Էրիվան» ռեստորանային համալիր են այցելել ավելի քան մեկ տասնյակ ոստիկաններ, խառնաշփոթ են ստեղծել և խոչընդոտել են տարածքում իրականացվող աշխատանքները:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց «Հին Էրիվանի» լրատվական ծառայության պատասխանատու Լանա Մշեցյանը, ում փոխանցմամբ` Ոստիկանության Կենտրոնի բաժնից ուղարկված ոստիկանները պատճառաբանել են, թե «աղմկում եք, ձեր երաժշտությունը շատ բարձր է»:

Սակայն Լանա Մշեցյանը հայտնեց, որ ռեստորանային համալիրը  24 ժամ աշխատելու արտոնագիր ունի:

«Եթե անգամ մեր երաժշտությունն իսկապես բարձր լիներ, նրանք իրավունք ունեին ասեին 24-ից հետո, ոչ թե 23-ից: Նախօրեին Մանվել Տեր-Առաքելյանը հրավիրվել է Ոստիկանության Երևանի վարչության պետ Աշոտ Կարապետյանի մոտ, ով միջադեպի մասին լրատվական ծառայություններից էր իմացել: Աշոտ Կարապետյանը խոստացել է, որ ներքին ծառայողական քննություն կիրականացվի, և մեղավորները կպատժվեն»,- տեղեկացրեց հոլդինգի լրատվության հետ կապերի պատասխանատուն:

Վերջինիս խոսքերով` հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը մոտեցել է ոստիկաններին և հարցրել` ինչ է կատարվում, և ոստիկանների կողմից հնչել է վերոնշյալ պատճառաբանությունը:

Լանա Մշեցյանը նշեց նաև, որ ոստիկանների այցելության հետևանքով «Հին Էրիվանը» նյութական վնաս է կրել, իսկ թե ինչ կարծիք ունի այս ամենի մասին Մանվել Տեր-Առաքելյանը նա դժվարացավ պատասխանել` նշելով միայն այն, որ իրենք սպասում են Ոստիկանության Երևանի վարչության պետ Աշոտ Կարապետյանի խոստման իրականացմանը:

«Քանի որ հիմա քննություն է ընթանում, մենք դրա արդյունքներին կսպասենք: Առայժմ պարոն Տեր-Առաքելյանը մեկնաբանություններ չի տա»,- եզրափակեց մամուլի պատասխանատուն:

Տաթև Հարությունյան




Լրահոս