ԿՈԱԼԻՑԻԱՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ԲՀԿ շարունակ լարվող փոխհարաբերությունները փոքր-ինչ մեղմելու համար երեկ Սերժ Սարգսյանի մոտ էին հավաքվել Հայաստանի իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարները: ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ցանկանում է մի կողմից ԲՀԿ-ին պահել իր ազդեցության տակ` «յուղել-դեղելու» մարտավարությամբ, մյուս կողմից էլ «տակից» քանդում է հզոր այդ կուսակցությունը:
Եւ այսպես, ըստ պաշտոնական տեղեկության՝ նախագահական նստավայրում տեղի է ունեցել «սովորական հանդիպում»: Ավելին, ըստ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ «Որքան ընտրությունները մոտենան, այնքան մեր կոալիցիոն գործընկերների հետ հանդիպումները, կոալիցիոն նիստերը հաճախակի կդառնան, եւ պետք չէ դրանից զարմանալ: Դեռ ընտրություններին շատ ժամանակ կա, եւ կոալիցիոն հանդիպումներն էլ շարունակական բնույթ կկրեն»:
Այնուամենայնիվ, արձանագրենք, որ սա այս տարվա ընթացքում իշխող կոալիցիայի պաշտոնական առաջին հանդիպումն էր, որին մասնակցում էին ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանն ու դեռեւս գոյություն չունեցող շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ-ից` Արթուր Բաղդասարյանն ու Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ից` Գագիկ Ծառուկյանը եւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ հանդիպումն ընթացել է 3 հիմնական հարցի շուրջ քննարկումների ծավալմամբ: Սերժ Սարգսյանը, որը նախորդ հանդիպման ժամանակ էլ բավականին չոր զրույց էր ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, ասել է, որ բոլոր գործողությունները պետք է լինեն տրամաբանության շրջանակներում: «Գագի՛կ, երբ քննարկվում էր ընտրակարգի հարցը, ինչո՞ւ այն ժամանակ ԲՀԿ-ն չէր ասում, որ կողմնակից է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Եթե այդ փուլն արդեն անցած, գնացած է, ինչո՞ւ պետք է նորից շրջանառվի»,-մոտավորապես այսպիսի խոսքերով է ԲՀԿ առաջնորդին դիմել Սերժ Սարգսյանը, որին ի պատասխան՝ Ծառուկյանն ասել է, որ մենք ուզում ենք՝ ժողովուրդն իմանա մեր կարծիքը: Ըստ մեր աղբյուրների՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իրենց արտահայտած տեսակետները չպետք է դառնան «կռվի թեմա», ինչի հետ համաձայն են եղել բոլոր ներկաները` ասելով, որ այդպիսով ջուր են լցնում իրենց «չուզողների» ջրաղացին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Կոալիցիոն եռյակը որոշել է պայմանավորվել 3 կարեւորագույն հարցերի շուրջ:
1. Հրապարակային չքննադատել ու չվիրավորել միմյանց: Ծառուկյանն առաջարկել է դադարեցնել իր կուսակցության դեմ սկսված արշավը եւ ձերբակալությունները: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, նման խոստում առայժմ չի տրվել ԲՀԿ-ին:
2. Կոալիցիոն 3 ուժերը պայմանավորվել են առաջիկայում հանդես գալ միասնական հայտարարությամբ, որով պետք է հրապարակային բացատրություն տան, թե ինչու են առանձին-առանձին մասնակցում ընտրություններին: Ըստ նախնական պայմանավորվածության՝ պետք է ասվի, որ երկրի կայունության ու զարգացման համար անհրաժեշտ էր ընտրել հենց այս տարբերակը:
3. Պայմանավորվել են նաեւ, որ պետք է հաճախակի հանդիպեն (որոշվել է, որ մինչեւ շաբաթվա վերջ Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը պետք է առանձին  հանդիպում ունենան):
«Օրինաց երկիր» կուսակցության երկու ներկայացուցիչները հիմնականում լսողի դերում են եղել` միայն մերթընդմերթ խոսելով, թե պետք է այնպես անել,  որ համախմբված լինենք, լուծենք մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները եւ այլ ամբոխահաճո մտքեր:
Ըստ ՀՀԿ-ական աղբյուրների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համաձայնել է Սերժ Սարգսյանի ասած բոլոր մտքերի եւ առաջարկների հետ` ասելով, թե «ոնց ասեք»: Մինչդեռ ԲՀԿ-ական աղբյուրներն այլ կերպ էին մեկնաբանում հանդիպումը. «Դե Ծառուկյանն ասել է, որ չի կարելի բռնել մերոնց, չի կարելի սարքել մարդկանց գլխին, կուսակցության պատճառով մարդկանց ազատել աշխատանքից եւ այլն»:
Ինչեւէ, արձանագրենք, որ այս հանդիպման ընթացքում դեռեւս խորհրդարանի մանդատների բաշխման հարցը չի քննարկվել: Ավելի ճիշտ` վերջնական տեսքի չի բերվել Ազգային Ժողովի խճանկարը: Այդ առիթով դեռ էլի հավաքներ կլինեն: Սերժ Սարգսյանն այժմ ցանկանում է ժամանակ ձգել` արտաքուստ ցույց տալով բոլորին, որ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունները կարգին են, սակայն ուժային կառույցներին հրահանգված է բոլոր ճյուղերով թուլացնել ԲՀԿ-ին: Այսօրվա դրությամբ ՀՀԿ-ի հիմնական հակառակորդը ոչ թե ընդդիմությունն է, այլ ԲՀԿ-ն: ՀՀԿ-ին շարունակում է անհանգստացնել անցկացված փակ սոցհարցումը, որի արդյունքների համաձայն՝ ԲՀԿ-ն ունի 33 տոկոս ձայն, իսկ ՀՀԿ-ն` ընդամենը 18:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս