Օրեր առաջ Armlur.am-ը գրել էր, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները մեծ մասը ցանկացել է դիմում գրել, որպեսզի իրենց աշխատավարձից կուտակային կենսաթոշակային վճարների պահումներ չարվեն, սակայն ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար Էդուարդ Թոփչյանը սպառնացել է նրանց` ասելով, որ դիմում գրողները կազատվեն աշխատանքից: Ի պատասխան Է. Թոփչյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ «սպառնալ» հասկացությունը իրենց նվագախմբում գոյություն չունի:
Ինչ վերաբերում է աշխատավարձից պահումներ անելուն, Թոփչյանը հստակ որևէ բան չասաց` նշելով, որ այդ հարցին կարող է պատասխանել միայն տնօրենը` Ռուզան Սիրունյանը: Այսօր armlur.am– ը փորձեց պարզել` ի վերջո, ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներից դիմումներ գրողներ կա՞ն, թե ոչ, և ընդհանրապես, այդ առումով ինչ վիճակ է նվագախմբում:
Քանի որ Ռուզան Սիրունյանը Ամերիկայի Միացյալ նահագներում է, մեր հարցերին պատասխանեց նվագախմբի գլխավոր պրոդյուսեր, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Պադարյանը: Նա նախ անդրադարձավ աղմկահարույց կենսաթոշակային օրենքին: Նրա խոսքով` փոխանակ քաղաքացիների աշխատավարձը բարձրացնեին, նոր օրենքը կիրառեին, արեցին հակառակը, որն էլ մեծ աղմուկ բարձրացրեց հասարակության շրջանում:
Ինչ վերաբերում է երաժիշտների դիմումներ գրելուն-չգրելուն, Պադարյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի. «Ես անձամբ նման դիմումներ չեմ ստացել»:
Գլխավոր պրոդյուսերի խոսքով` նվագախմբում կան երիտասարդ երաժիշտներ, սակայն, նրանք թվով այդքան էլ շատ չեն: «Այն խնդիրներն էլ, որոնք կային, կարողացանք լուծել»,- ասաց պրն Պադարյանը:
-Խնդիրներ ասելով` ի՞նչ նկատի ունեք:
-Դե երիտասարդ երաժիշտները դժգոհ էին, մենք էլ նրանց բացատրեցինք` օրենքն ընդունված չէ և մի որոշում կլինի:
-Պրն Պադարյան, ՀՀ ԱԺ-ն կենսաթոշակային օրենքի մասին փոփոխված տարբերակն ընդունել է: Ավելին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ եթե աշխատողները չեն ցանկանում իրենց աշխատավարձից պահումներ անել, պետք է դիմում գրեն գործատուին: Փաստորեն, ձեր երաժիշտներից ոչ ոք դիմում չի՞ գրել:
-Ես այդպիսի լուր չունեմ, չգիտեմ: Իմ տեղեկություններով` նման խնդիրներ չկան:
Սոնա Դավթյան