Նախատեսված չէր, որ Հայաստանը հենց այսօր պետք է ստորագրի պայմանագիրը. ԱԳ փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չէր նախատեսվում, որ հենց այսօր պետք է ստորագրվի:  Այսօր պետք է ճշտվի, նախագահը կոչ արեց մինչև հունիսի 15-ը ստորագրել, սպասում ենք պատասխանի: Ի պատասխան այն հարցի, թե ինչու այսօր Աստանայում Հայաստանը չստորագրեց Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը, նշեց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:

Իսկ այն ճշտող հարցին, թե  հնարավոր է, որ մինչև հունիսի 15-ը չստորագրվի, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, այսօր պարզ կլինեն զարգացումները: Հանդիպումները, քննարկումները շարունակվում են», – նշեց նա, հավելելով, թե  չի հետաձգվում պայմանագրի ստորագրումը, և խնդիրներ էլ չկան:

«Ճանապարհային քարտեզը պատրաստ է, և եթե կան մեկ-երկու չճշտված հարցեր, ու դրանք, ինչպես հանրապետության նախագահն ասաց, կարելի է մեկ-երկու օրում շտկել»,-հավելեց փոխնախարարը: Այն հարցին, թե ինչու է Ղազախստանի նախագահ Նազարբաևը հայտարարում, որ Հայաստանի հետ խնդիրներ կան, նա արձագանքեց.

«Չեմ կարող ասել:  Ընդհանուր տրամադրվածությունը շատ դրական է, և ես կարծում եմ, որ նախագահի խոսքերում արտահայտված ժամկետները կիրականան», – նշեց նա, հավելելով, թե իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Բելառուսիան ու Ղազախստանը չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի այս կառույցին:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները` Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը:




Լրահոս