ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած այն բանին, որ «Հայաստան» հանրախանութի աշխատակիցների մեծ մասը  նոր սեփականատիրոջ` «Ամերիաբանկ»-ի կողմից թույլտվություն է ստացել մեկ ամիս անհատույց զբաղեցնել տարածքը, առեւտրականները նախկին եւ ներկա սեփականատերերի միջեւ ծագած վեճի արդյունքում մեծապես տուժում են, քանի որ  այդ աղմուկից հետո գնորդների թիվը կտրուկ նվազել է:
Շուրջ 10 օր «Ամերիաբանկ»-ի եւ «Հայաստան» առեւտրի կենտրոնի սեփականատերերի միջեւ ընթացող վիճաբանությունը  կարծես թե դեռեւս չի հասնում վերջնական հանգուցալուծմանը: Երեկ «Նոկիա» խանութի դռների վրա գրված «Տոնավաճառը բաց է» արտահայտությունն  այդքան էլ չէր համապատասխանում իրականությանը:  Առաջին հարկում` հենց խանութում, հավաքված էին ոստիկաններ, իսկ մնացած բոլոր հարկերի միջանցքներում բանկի աշխատակիցներն էին` առեւտրականների «շնչին նստած»: Ուրբաթ օրը տեղի ունեցած վիճաբանությունից հետո հանրախանութը երկու օր փակ էր, երեկ էլ միայն մասամբ էին բացել, աշխատողներին չէր թույլատրվում նույնիսկ պետքարանից օգտվել: Ամբողջ հանրախանութում տիրող լարված մթնոլորտը, բնականաբար, հաճախորդներին  հետ էր պահում որեւէ բան գնելու ցանկությունից:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հանրախանութի աշխատակիցներն իրենց դժգոհությունը հայտնեցին ստեղծված իրավիճակից. «Տնօրինության եւ բանկի միջեւ առաջացած վիճաբանության արդյունքում մենք ենք տուժում, հասկացանք, մեկ ամիս անվճար կարող ենք տարածք զբաղեցնել, բայց որ պետք է գանք ու ապրանքն իզուր քնացնենք, էլ ո՞ւմ է պետք»: Նշենք, որ աշխատակիցների մի մասը, նախորդ հինգշաբթի բանկ գնալով, տարածքը մեկ ամիս անվճար զբաղեցնելու թույլտվություն է ստացել: Հարց է առաջանում. այդ դեպքում  ուրիշ ի՞նչ պատճառ կարող է լինել, որ մարդկանց նորմալ եւ ոչ լարված պայմաններում աշխատելու հնարավորություն չի տրվում: Այս հարցի պատասխանը փորձեցինք ճշտել հենց բանկի` հանրախանութի տարածքում գտնվող աշխատակիցներից, սակայն նրանք հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ` փոխարենը  վստահեցնելով, որ պատասխան կարող ենք ստանալ «Ամերիաբանկ»-ի կենտրոնական գրասենյակից: Ի վերջո, զրուցեցինք բանկի PR մենեջերի հետ, որը մեզ հետեւյալն ասաց. «Եթե «Ամերիաբանկ»-ի աշխատակիցները դեռ գտնվում են հանրախանութի տարածքում, ուրեմն ոչ բոլոր հարցերն են կարգավորված, դեռ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն»: Բայց թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, նա չցանկացավ մանրամասնել:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս