ԿԱՇԱՌԱԿԵՐԸ ՊԱՐԿԵ՞ՇՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 29-ին 150.000 դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել է  Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան Արտաշես Մկոյանը:
Օպերացիան իրականացրել են հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները, իսկ Շիրակի մարզի ուժայիններն այդ մասին գաղափար անգամ չեն ունեցել: Մենք փորձեցինք կապ հաստատել տեղի ոստիկանապետի եւ քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասյանի հետ, սակայն նրանք պնդեցին, որ իրենք որեւէ տեղեկություն չունեն կատարվածի վերաբերյալ: Պարզ ասած, ամեն ինչ տեղի է ունեցել ավելի «բարձր» մակարդակով, գուցե հստակ հրահանգի շրջանակներում: Այս պատմության մեջ ուշագրավը նաեւ այն է, որ դեպքը տեղի է ունեցել դրսում կիրակի օրը: Մանկավարժական ինստիտուտում օրն աշխատանքային չի եղել, չի եղել նաեւ քննաշրջան:
Թե ինչ է թաքնված այս ամենի հետեւում, դեռեւս դժվար է ասել: Բայց մեկ բան հստակ է` պատահական ոչինչ չի լինում, հատկապես այս շրջանում, երբ քաղաքական կյանքը գնալով նոր նրբերանգներ է ստանում: Գուցե այս կերպ իշխանությունները դարձյալ մեսիջներ են ուղարկում ԲՀԿ-ին, քանի որ ինստիտուտի ռեկտորը ԲՀԿ անդամ է: Ինչեւէ, շեշտենք, որ օրվա երկրորդ կեսին միայն ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը հայտարարեց, որ հարցը պետք չէ քաղաքականացնել, քանի որ ձերբակալված դեկանը ԲՀԿ անդամ չէ: «Կոլեկտիվի մի քանի հարյուր անդամ ունեցող բուհում ընդամենը 10-12 ԲՀԿ-ական կա: Ձերբակալության մեջ որեւէ քաղաքական միտում չկա, որովհետեւ էդ դեպքում ավելի հեշտ կլիներ նման բան անել քննությունների շրջանում, ինստիտուտում նույն գործողությունն անել, որ ինչ-որ տեղ մտածեին, որ քաղաքական բան կա դրա մեջ»,-կարծիք հայտնեց  ռեկտորը:
 Ի դեպ, Արտաշես Մկոյանի դուռն արդեն կապարակնքված է, իսկ բուհում սարսափի մթնոլորտ է: Ոչ ոք չի համարձակվում ոչինչ ասել կատարվածի առնչությամբ, բոլորը շատ զգուշավոր են եւ սպասողական վիճակում: Բուհի ռեկտորը կատարվածն իմացել է ոստիկանության աշխատակիցներից, որոնք գնացել են ինստիտուտ` Մկոյանի փաստաթղթերին ծանոթանալու համար: «Քննաշրջանը մենք ավարտել ենք դեռ ամսի 27-ին: Այդ ուսանողը, որին ներկայացրին, մագիստրատուրայում սովորող ուսանող է Արմավիրից: Այլ մանրամասների այսօր ես չեմ տիրապետում»,-նշեց Վարդեւան Գրիգորյանը: Վերջինս կատարվածը համարում է անցանկալի միջադեպ, որն ազդում է ինստիտուտի հեղինակության վրա: «Որ հարցնեք կոլեկտիվին եւ ուսանողությանը, կիմանաք, որ Արտաշես Մկոյանը շատ պարկեշտ անձնավորություն է, մեր ինստիտուտի երախտավորներից»: Ասել է թե, ինստիտուտում իսկապես զարմացած են, որ թիրախ է ընտրվել հենց Մկոյանը: Ինչեւէ, հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս