ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԵՆ-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

28.12.2011թ-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-339) եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-341) ՀՀ օրենքները, որոնք 29.12.2011թ-ին ստորագրվել են ՀՀ նախագահի կողմից, 09.01.2012թ-ին հրապարակվել Պաշտոնական տեղեկագրում եւ ուժի մեջ են մտել 19.01.2012թ-ից:
«Փոփոխությունները հակասահմանադրական են» («Ժողովուրդ», 19, 21 հունվարի, 2012թ.) հոդվածում արդեն հիմնավորել եմ, որ ՀՕ-339 ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի եւ ՀՕ-341 ՀՀ օրենքի 40 հոդվածի 1-ին մասի փոփոխություններից հետո իրավապաշտպան գործունեություն, քաղաքացուն եւ իրավաբանական անձին տրվող ցանկացած իրավաբանական օգնություն, այդ թվում` նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունը դատարանում, իրավունք կունենան իրականացնել միայն փաստաբանները: Այս փոփոխությունների  արդյունքում իրավաբանական անձի ղեկավարը փաստաբան չհանդիսացող իրավաբանին աշխատանքի չի ընդունի, քանի որ նա չի կարող տվյալ իրավաբանական անձի իրավունքներն ու շահերը պարբերաբար ներկայացնել դատարանում, բուհերի իրավաբանական ֆակուլտետներն ավարտած տասնյակ հազարավոր իրավաբաններ, եթե չդառնան փաստաբաններ, չեն կարող աշխատել իրենց մասնագիտությամբ, արդյունքում կհամալրեն գործազուրկների շարքերը կամ կհեռանան հանրապետությունից, անգործության կմատնվեն նաեւ իրավապաշտպաններն ու իրավապաշտպան կազմակերպությունները, քանի որ նրանք դատարաններում չեն կարող պաշտպանել իրենց դիմած քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքներն ու շահերը:
Այժմ հիմնավորենք, որ ՀՕ-339 ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ՀՀ փաստաբանների պալատին, որն իրենից ներկայացնում է հասարակական միավորում, տրվել է պետական մարմնի կարգավիճակ, իսկ նրան տրված իրավունքները, մասնավորապես փաստաբանների արտոնագրման գործընթացի կազմակերպումը, հակասահմանադրական են, հակասում են ՀՀ Սահմանադրության 5 հոդվածի 2-րդ մասի «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով» եւ 33.1 հոդվածի 1-ին մասի «Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք» պահանջներին:
Նախ նկատենք, որ արտոնագիրը կամ լիցենզիան (լատիներեն` litentia) փաստաթուղթ է (պայմանագիր), որը տալիս է որոշակի գործողությունների կատարման իրավունք:
Ներկայացնենք «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-193):
ՀՕ-193 օրենքի 1 (Օրենքի կարգավորման առարկան) հոդվածի համաձայն` «Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները եւ կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները»:
ՀՕ-193 օրենքի 2 (Լիցենզավորման մասին օրենսդրությունը) հոդվածի համաձայն` «ՀՀ-ում լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, ՀՀ միջազգային պայմանագրերով եւ օրենսդրական այլ ակտերով»:
ՀՕ-193 օրենքի 3 (Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները) հոդվածի համաձայն` «Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
լիցենզիա` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաեւ այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ.
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ` գործունեության տեսակ, որի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա.
լիցենզավորում` գործընթաց` կապված լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձեւակերպման, գործողության կասեցման եւ դադարեցման հետ.
լիցենզավորող մարմիններ` պետական մարմիններ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով իրականացնում են լիցենզավորում.
լիցենզավորված անձ` իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր, ինչպես նաեւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկ, որն օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա»:
ՀՕ-193 օրենքի 6 (Լիցենզիայի գործողությունը) հոդվածի 1-ին կետի համաձայն` «Լիցենզիան տրվում է միայն սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար»:
ՀՕ-193 օրենքի 8 (Լիցենզավորող մարմինները) հոդվածի 1-ին կետի համաձայն` «Լիցենզիաները տալիս են միայն սույն հոդվածով նախատեսված լիազորված պետական մարմինները»:
ՀՕ-193 օրենքի 43 (Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը) հոդվածի 1-ին կետի համաձայն` «Գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է սույն հոդվածի աղյուսակում»:
ՀՕ-193 օրենքի 43 հոդվածի 2-րդ կետում նշված է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը, որի ուսումնասիրությունից պարզվում է, որ քաղաքացուն կամ իրավաբանական անձին խորհրդատվություն տրամադրելը` նրանց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը, դատարաններում որպես քաղաքացու եւ/կամ իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդես գալն ընդգրկված չէ աղյուսակում:
ՀՕ-193 օրենքի 43 հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Սույն հոդվածի աղյուսակում չնշված գործունեության տեսակներով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք իրավունք ունեն զբաղվել առանց սահմանափակման, եթե տվյալ գործունեության տեսակով զբաղվելն օրենքով արգելված չէ»:
ՀՕ-193 օրենքի 1, 2, 3, 6 (1-ին կետ), 8 (1-ին կետ) եւ 43 (1-ին կետ) հոդվածներում ամրագրված դրույթների համադրումից հետեւում է, որ արտոնագիր կամ լիցենզիա տրվում է լիազորված պետական մարմինների կողմից` ՀՕ-193 օրենքի 43 հոդվածի 2-րդ կետում նշված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների համար:
Քանի որ քաղաքացուն կամ իրավաբանական անձին խորհրդատվություն տրամադրելը` նրանց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը, իրավաբանական բնույթի այլ փաստաթղթերի կազմումը, դատարաններում որպես քաղաքացու կամ  իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդես գալն ընդգրկված չէ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում, ապա ՀՕ-193 օրենքի 43 հոդվածի (3-րդ կետ) պահանջներից հետեւում է, որ յուրաքանչյուր ոք նշված գործունեությամբ իրավունք ունի զբաղվել առանց արտոնագրի (լիցենզիայի):

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ
շարունակելի




Լրահոս